Ալեքսեյ Գոնչարենկոն պնդում է, որ կառավարական թաղամասում սադրանքներ են պատրաստվում՝ վաղը Գերագույն ռադայի նիստը խափանելու համար, Ուկրաինայի խորհրդարանը հերքում է այդ տեղեկատվությունը
Ուկրաինայի Գերագույն ռադայում հերքում են տեղեկությունն այն մասին, թե կառավարական թաղամասում սադրանքներ են նախապատրաստվում խորհրդարանի նիստը տապալելու նպատակով։ Նրանց տեղեկացմամբ՝ ներկայումս օրենսդիր մարմինը շարունակում է աշխատանքը սովորական ռեժիմով։
Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել է «Ժողովրդի ծառա» խմբակցության աղբյուրը։
«Առաջին անգամ եմ լսում կառավարական թաղամասում հնարավոր սադրանքների մասին։ Ինչպես հայտնի է, կառավարական թաղամասը փակ է լիամասշտաբ ներխուժման պահից ի վեր, գործում է վերահսկողության խիստ ընթացակարգ։ Ոչ ոք չի պատրաստվում չեղարկել վաղվա նիստը կամ ընդհանուր առմամբ լիագումար շաբաթը։ Մեր երկրում ամեն ինչ արագ է փոխվում, բայց այս փուլում պատճառ չենք տեսնում լիագումար շաբաթը չեղարկելու համար», – նշում են «Ժողովրդի ծառա» խմբակցությունից։
Նրա խոսքով՝ տարածված տեղեկությունը, թե վտանգի պատճառով 60 պատգամավոր հրաժարվել է ներկայանալ Ռադա, չի համապատասխանում իրականությանը։
«Հաճախելիության ցածր մակարդակը բոլոր գումարումների խնդիրն է։ Չենք կարող ասել, որ մերը «իդեալական» էր, բայց թե որտեղից է հայտնվել 60 թիվը՝ չգիտեմ։ Ես և իմ գործընկերները աշխատանքի վայրում ենք և պլանավորում ենք վաղն այնտեղ լինել, որպեսզի կատարենք մեր պարտքը պետության և քաղաքացիների առջև», – հայտարարել է նա։
Ինչպես գրում է ուկրաինական մամուլը, պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել էր, որ Գերագույն ռադայի առաջիկա նիստը կարող է տապալվել։ Նրա խոսքով՝ «Ժողովրդի ծառա» խմբակցության անդամների դեմ սադրանքներ են պլանավորվում, որպեսզի նրանք չքվեարկեն Արժույթի միջազգային հիմնադրամի օրենքների օգտին։
«Ռադայի վաղվա նիստը տապալման վտանգի տակ է։ «Ժողովրդի ծառա» և այլ խմբակցությունների ներկայացուցիչները չեն գնա Ռադա՝ կառավարական թաղամասում նրանց դեմ սադրանքների սպառնալիքի պատճառով։ Ինչպես արդեն գրել էի, վաղը թաղամասում «ժողովրդի ծառաների» դեմ սադրանքներ են պլանավորվում։ Նրանց վրա ճնշում կգործադրվի, որպեսզի չքվեարկեն Արժույթի միջազգային հիմնադրամի օրենքների օգտին։ Ներկայումս «Ժողովրդի ծառա»-ի մոտ 60 անդամ հրաժարվել է գալ Ռադա։ Իրականում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ Ռադան չունենա 226 գրանցված ձայն», – հայտարարել էր Գոնչարենկոն։