Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին հանդիպել է Թաիլանդի Թագավորության՝ Պրաջադիպոկ թագավորի ինստիտուտի պատվիրակության հետ
Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին հանդիպել է Թաիլանդի Թագավորության վարչապետի միջազգային առևտրի հարցերով հատուկ խորհրդական և Պրաջադիպոկ թագավորի ինստիտուտի գլխավոր քարտուղար Իսարա Սերևատանավուտի գլխավորած պատվիրակության հետ։
Քսան հոգանոց պատվիրակության կազմում են Թաիլանդի Թագավորության խորհրդարանի սենատորներ, պետական մարմինների և տարբեր պրոֆիլի ընկերությունների ղեկավարներ: Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Գիորգի Պերտայան։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Թաիլանդի միջև առկա հարաբերություններն ու համագործակցությունը տարբեր ուղղություններով: Ընդգծվել է բարձր մակարդակի այցելությունների կարևորությունը և համաձայնեցվել են կոնկրետ գործողություններ, որոնք պետք է նպաստեն մարդկանց միջև կապերի հետագա ամրապնդմանը և զբոսաշրջության աճին, գործարար և ներդրումային հնարավորությունների մասին իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև երկու կողմերի մասնակցությանը Թաիլանդում և Վրաստանում նախատեսված բարձր մակարդակի միջոցառումներին: Քննարկվել են տարբեր ոլորտներում ներդրումների, համատեղ նախագծերի իրականացման և փորձի փոխանակման հնարավորությունները:
Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: