Ալեքսանդր Ստաբ - Բուդապեշտում Թրամփ-Պուտին հանդիպման չեղարկումը Ռուսաստանի ռազմավարական սխալ է
Ալեքսանդր Ստաբ - Բուդապեշտում Թրամփ-Պուտին հանդիպման չեղարկումը Ռուսաստանի ռազմավարական սխալ է

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբը «Ասոշիեյթեդ Փրես»-ին տված հարցազրույցում ասել է, որ Բուդապեշտում Թրամփ-Պուտին հանդիպման չեղարկումը Ռուսաստանի ռազմավարական սխալ է։

Ստաբի խոսքով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հավանաբար, հասկացել է, որ ռուսները որևէ զիջման չեն գնալու։

«Հանդիպման չեղարկումը ռուսների կողմից թույլ տրված ռազմավարական սխալի ևս մեկ օրինակ էր։ Նրանք հնարավորություն ունեին և բաց թողեցին այն», – ասել է Ֆինլանդիայի նախագահը։

Ստաբը նշել է, որ երբ խոսքը վերաբերում է Պուտինին, միայն մեկ մարդ պետք է ուղղակիորեն և հրապարակայնորեն բանակցի նրա հետ՝ Թրամփը։ Նա ասել է, որ ԵՄ-ն, հավանաբար, մոտ ապագայում Ռուսաստանի նախագահի հետ ուղիղ կապի գիծ չի բացի։

Ֆինլանդիայի նախագահը կարծում է, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում խաղաղության համաձայնագրի կնքումը գարնանից առաջ քիչ հավանական է, և որ եվրոպացի դաշնակիցները պետք է շարունակեն աջակցել Կիևին՝ չնայած վերջին կոռուպցիոն սկանդալին։

«Ես շատ լավատես չեմ հրադադարի հասնելու կամ խաղաղության բանակցությունները սկսելու հարցում, գոնե այս տարի», – ասել է Ստաբը։

Նա ասաց, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և եվրոպացի առաջնորդները պետք է ուժեղացնեն Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի վրա ճնշումը՝ իրենց ռազմավարական մտածողությունը փոխելու համար։

«Պուտինը ցանկանում է ժխտել Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, և այդ նպատակները չեն փոխվել նույնիսկ գրեթե չորս տարվա պատերազմից հետո», – ասել է Ստաբը։

Բացի այդ, Ֆինլանդիայի նախագահը նշեց, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանը Եվրոպայում հիբրիդային պատերազմ սկսեց, պատերազմի և խաղաղության միջև գիծը «մշուշոտվել է»։

Ստաբի խոսքով՝ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում ոչ միայն Ուկրաինայում, այլև Եվրոպայում։

«Պատերազմի և խաղաղության միջև գիծը մշուշոտվել է», – ասաց Ստաբը։

Ֆինլանդիայի նախագահը նշեց, որ Ռուսաստանը փորձում է անկայունացնել Եվրոպան և «քաոս և խուճապ առաջացնել» հարձակումների, այդ թվում՝ քարոզչության միջոցով։

«Այս սպառնալիքների դեմ պայքարի միջոցը ֆինլանդական լինելն է։ Այլ կերպ ասած՝ հանգիստ, հավասարակշռված և զուսպ», – ասել է Ստաբը։