Ադրբեջանում հեղաշրջման փորձի գործով ձերբակալված երկու ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլին կալանավորվել է մինչև փետրվարի կեսերը, հաղորդում է Reuters-ը։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Ադրբեջանի ընդդիմադիր գործիչը, որը մեղադրվում է նախագահ Իլհամ Ալիևին տապալելու համար պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ, հերքում է մեղադրանքները և գործը որակում քաղաքական դրդապատճառներով։
Ինչ վերաբերում է նույն մեղադրանքով ձերբակալված «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահության անդամ Մամեդ Իբրահիմին, նա կալանավորվել է մինչև փետրվարի 13-ը։
Նշենք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը շաբաթ օրը խուզարկել է Ալի Քերիմլիի տունը, որից հետո նա և կուսակցության երկու այլ անդամներ ձերբակալվել են։ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով (իշխանության բռնի զավթմանը և պետության սահմանադրական կառուցվածքի բռնի փոփոխությանը ուղղված գործողություններ)։ Նույն մեղադրանքը առաջադրվել է նաև «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահության անդամ Մամեդ Իբրահիմի դեմ։ Ալի Քերիմլիի և Մամեդ Իբրահիմի տների խուզարկությունը և հարցաքննությունը կապված են Պետական անվտանգության ծառայության կողմից Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի հետ։ Հատկանշական է, որ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 278.1 (պետական իշխանությունը զավթելու նպատակով ձեռնարկված գործողություններ), 274 (պետական դավաճանություն) և 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում) հոդվածներով։