Ադրբեջանի ռազմական խմբերը նռնականետերի օգտագործմամբ կրակ են բացել սահմանին մոտ գտնվող գյուղերի ուղղությամբ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, ադրբեջանա-հայկական սահմանին շարունակվող առճակատման վերաբերյալ:
«Հուլիսի 16-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը գրոհային խմբերի միջոցով վերսկսել են գործողություններ Հայաստանի պետական սահմանի մոտակայքում, Մովսես և Այգեպար գյուղերի հատվածում, որն ուղեկցվել է ականանետների և հրանոթների կիրառմամբ: Հայաստանի զինված ուժերի կողմից համարժեք պատասխանից հետո ադրբեջանական ուժերը կորուստներով հետ են մղվել:
Հաջողություն չարձանագրելով մարտի դաշտում, ադրբեջանական ստորաբաժանումներն անցել են Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծման՝ հանցավոր կերպով թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակչությունը։ Հատկանշական է, որ այս ագրեսիվ գործողությունը տեղի է ունեցել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության ուխտադրուժ խախտմամբ և սահմաններին հարաբերական անդորրի հաստատումն արձանագրող ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների հուլիսի 15-ի հայտարարությունից հետո:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում և այժմ ձեռնարկում է արկածախնդիր և ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առջև»,- ասված է հայտարարության մեջ: