Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Ադրբեջանի բանակն անցել է հակահարձակման
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Ադրբեջանի բանակն անցել է հակահարձակման:
«Հայաստանի զինված ուժերի գործունեությունը կանխելու համար, ադրբեջանական բանակը անցել է հակահարձակման ամբողջ առաջնագծի երկայնքով»,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Բաքվում ասում են, որ Ադրբեջանի բանակի հակագրոհում ներգրավված է ծանր տեխնիկա, հրետանի ու ավիացիա:
«Հայտնաբերվել է մեծ թվով զորք, ինչպես նաև ռազմական տեխնիկա և հայկական զինված ուժերին պատկանող օբյեկտներ, ինչպես առաջնագծում, այնպես էլ հակառակորդի պաշտպանության գծում: Դրանք ոչնչացվում են»,- ասել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:
Նրանց խոսքով, Ադրբեջանի բանակը ոչնչացրել է Հայաստանի զինված ուժերի 12 հակաօդային համալիր: Խոցվել է նաև հայկական ռազմական ուղղաթիռ: Ըստ ադրբեջանական կողմի, անձնակազմը ողջ է:
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծայրաստիճան սրվել է: Կողմերը հայտնում են ռազմական բախումների և զոհերի մասին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր առավոտյան Հայաստանի կողմից իրականացվել է լայնածավալ հարձակում: Արդյունքում կան զոհեր, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում:
Հայաստանում ասում են, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ զինվորականները խոցել են ադրբեջանական երկու ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք: Նրանց խոսքով, կրակոցների ձայնը լսվում էր նաև Ստեփանակերտում: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին խորհուրդ է տրվում չլքել իրենց տները և մտնել բունկեր: