Ադրբեջանի նախագահի օգնական. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
Հաջիևը ելույթ է ունեցել Բաքվում նախագահ Իլհամ Ալիևի հովանու ներքո անցկացվող գլոբալ ֆորումում՝ նվիրված Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներին:
«Այլևս կոնֆլիկտ չկա։ Ադրբեջանն աշխատում է տրանսպորտային ենթակառուցվածքների, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի զարգացման ուղղությամբ։ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր է նախաձեռնել: Մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել: Նման բաներ հանդիպում են միջազգային պրակտիկայում, օրինակ՝ Գերմանիայի և Ֆրանսիայի միջև կնքված խաղաղության պայմանագիրը: Խաղաղության համաձայնագրի ստորագրումը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը»,- ասել է նա։
Հայաստանի ԱԳՆ-ն իր հերթին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվել։ Այդ մասին գրում է «News.Am» հայկական հրատարակությունը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվել: Ուժի կիրառումը ոչ միայն չի լուծի այն, այլեւ չի հանի ԼՂ հակամարտությունը միջազգային օրակարգից»,- ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Ունանյանը։
Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատով, «կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքով»: