Ադրբեջանի նախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի մասին հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ
Ադրբեջանի նախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի մասին հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ: Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի առաջնորդի մամուլի ծառայությունը:
«Էրդողանը զանգահարել է Ալիևին և ցավակցել ադրբեջանցի ժողովրդին շփման գծում հայկական ռազմական սադրանքի արդյունքում խաղաղ բնակիչների և զինվորների մահվան համար: Էրդողանը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է», – ասված է հայտարարության մեջ:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը ծայրաստիճան լարված է: Կողմերը հայտնում են ռազմական բախումների և զոհերի մասին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր առավոտյան Հայաստանի կողմից իրականացվել է լայնածավալ հարձակում: Արդյունքում կան զոհեր, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Ադրբեջանի բանակն անցել է հակահարձակման: Հայաստանում ասում են, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ զինվորականները խոցել են ադրբեջանական երկու ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք: Նրանց խոսքով, կրակոցների ձայնը լսվում էր նաև Ստեփանակերտում: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի կառավարությունը երկրում հայտարարել է արտակարգ դրություն: