Ադրբեջանի Միլի մեջլիսը խզել է հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ
Ադրբեջանի Միլի մեջլիսը խզել է հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ

Ադրբեջանի Միլի մեջլիսը խզել է հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ, և կսկսվի նաև Եվրոնեստին անդամակցությունը դադարեցնելու ընթացակարգը։

Ինչպես նշված է համապատասխան որոշման մեջ, Ադրբեջանի Հանրապետության Միլի մեջլիսը հարաբերություններ է հաստատում օտարերկրյա պետությունների խորհրդարանների և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հետ՝ խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման նպատակով, և խթանում է խորհրդարանական արժեքների և ընդհանուր շահերի վրա հիմնված բաց, անկեղծ և կառուցողական երկխոսությունը։ Սակայն Եվրախորհրդարանի ապակառուցողական դիրքորոշումը հերքում է այդ սկզբունքները և դարձել է այս կառույցի հետ համագործակցային հարաբերությունների զարգացման հիմնական խոչընդոտը։

«Եվրախորհրդարանի գործունեության էությունը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, արդարադատության հայեցակարգի կատեգորիկ մերժումն է: Այս կառույցը հետևողականորեն անտեսում է մեր հողերի 30-ամյա օկուպացիան Հայաստանի կողմից, մեր հարյուրավոր քաղաքների և գյուղերի, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների ոչնչացումը, էթնիկ զտումները և մեկ միլիոնից ավելի փախստականների ու ներքին տեղահանվածների մարդու իրավունքները: Եվրախորհրդարանի հետ համագործակցության համար նախատեսված հարթակները՝ ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեն և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը, դարձել են ճնշման, շանտաժի և մեր երկրի ներքին գործերին կոպիտ միջամտության գործիքներ», – ասվում է Ադրբեջանի Միլի մեջլիսի տարածած հայտարարության մեջ։

Նաև հաղորդվում է, որ այսօր Ադրբեջանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Մարիաննա Կույունջիչը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն: Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ նիստում խստորեն դատապարտվել են ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևի անհիմն և կողմնակալ դրույթները, և այս կապակցությամբ մյուս կողմին բողոքի նոտա է փոխանցվել: