Ադրբեջանի կրթության նախարարությունը քննադատում է Իրանի գիտության և հետազոտությունների նախարարի հայտարարությունը. «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փոխարեն՝ նրանց համար ավելի լավ կլինի կենտրոնանալ սեփական խնդիրների վրա»
Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը քննադատել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի հայտարարությունը՝ որակելով այն որպես միջամտություն երկրի ներքին գործերին։
Ըստ նախարարության՝ Հոսեյն Սիմայի-Սարաֆի արտահայտությունները տեղին չեն. ոչ ոք իրավունք չունի միջամտելու երկրի ներքին գործերին, այդ թվում՝ կրթական քաղաքականությանը, և նման ցանկացած փորձ կտրականապես կմերժվի։
Ադրբեջանական գերատեսչությունը կոչ է արել իրանցի պաշտոնյաներին՝ «կենտրոնանալ սեփական երկրի ներքին խնդիրների վրա»։
Նախարարությունը նաև նշել է, որ Իրանի վարած քաղաքականության հետևանքով այդ երկրում չկա ոչ մի դպրոց, որտեղ ուսուցումն իրականացվում է ադրբեջաներենով, ինչպես նաև այդ լեզուն չի կիրառվում բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իրանում բնակվում է մոտ 40 միլիոն էթնիկ ադրբեջանցի, որոնց տասնամյակներ շարունակ զրկել են մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքից։
«Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փոխարեն՝ Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարը, ինչպես նաև այս հարցի վերաբերյալ արտահայտվող այլ իրանցի գործիչներ, ավելի լավ կանեն, եթե կենտրոնանան սեփական խնդիրների վրա և քայլեր ձեռնարկեն՝ շտկելու տասնամյակներ շարունակ առկա աննախադեպ անարդարությունը», – ասվում է հայտարարության մեջ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի-Սարաֆը քննադատել է Ադրբեջանում դպրոցական համազգեստի միասնական քաղաքականության ներդրումը։ Նա հայտարարել է, որ իրենք «ազատ կրթական միջավայր» կստեղծեն այն աղջիկների համար, ովքեր պնդում են, թե իրենց կրթություն ստանալու իրավունքը սահմանափակվում է։ Ավելին, նա նշել է, որ իրանական բուհերը պատրաստ են ընդունել ադրբեջանցի աղջիկներին։