Ադրբեջանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով ղազախական նավթի տարանցման ծավալը կավելանա
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով ղազախական նավթի տարանցման ծավալը կաճի։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Trend» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ Ադրբեջանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում։
«Էներգետիկ ոլորտում SOCAR-ի և KazMunayGas-ի համագործակցությունը ղազախական նավթի Ադրբեջանով տարանցման հարցում հաջողությամբ զարգանում է։ 2023 թվականից առայսօր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով գլոբալ շուկա է տեղափոխվել 3.4 միլիոն տոննա ղազախական նավթ», – նշել է Շահբազովը։
Նախարարը նշել է, որ կողմերը քննարկում են մատակարարման ծավալների տարեկան մինչև 7 միլիոն տոննայի ավելացման հնարավորությունը մինչև 2027 թվականը, ինչը կարևոր քայլ կլինի էներգետիկ համագործակցության ամրապնդման և Ղազախստանի արտահանման երթուղիների դիվերսիֆիկացման ուղղությամբ։