Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Կասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով Բաքվի նավահանգստում ընթանում են հողափորման աշխատանքներ
Կասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով Բաքվի նավահանգստում ընթանում են հողափորման աշխատանքներ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեհուն Բայրամովը։
Բայրամովը նաև նշել է, որ Ադրբեջանում իրականացվում է պետական ծրագիր՝ ջրային ռեսուրսներն ավելի արդյունավետ կառավարելու համար։
Նախարարի խոսքով՝ ջրային ոլորտում Նիդեռլանդների հետ համագործակցությունը հնարավոր է։
«Այս ուղղությամբ կա ներուժ, և Ադրբեջանը նույնպես դրա կարիքն ունի։ Չի բացառվում, որ այս համագործակցությունը ապագայում ընդլայնվի», – ասել է Ջեհուն Բայրամովը Նիդեռլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Բայրամովը նաև խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ հայ հասարակությունը պետք է հասկանա և ընդունի, որ խաղաղությունը կարևոր հարց է ինչպես իրենց, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար։
«Ի վերջո, սա մի գործընթաց է, որը ծառայում է երկու կողմերի շահերին։ Ահա թե ինչու մենք հետևում ենք այս քննարկումներին։ Հենց որ Հայաստանի սահմանադրությունը փոփոխվի, ադրբեջանական կողմը պատրաստ է վերջ դնել այս հարցին։ Սակայն մենք պետք է սպասենք արդյունքին», – նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։