Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու քաղաքացի է զոհվել
Սև ծովում բեռնատար նավի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի երկու քաղաքացիներ, հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։ Ադրբեջանի քաղաքացիները գտնվում էին TEDY նավի վրա և հարձակումից հետո տեղափոխվել են Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգստային քաղաքի հիվանդանոց, սակայն նրանց փրկել չի հաջողվել։
«Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանի քաղաքացիներին զերծ մնալ այն տարածաշրջաններ մեկնելուց, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում կամ անվտանգության իրավիճակը անկայուն է, այդ տարածքներում աշխատելուց կամ այդ երթուղիներով գործող տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ նավերի վրա աշխատելուց», – ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունը չի հաստատել, թե որ երկրի անօդաչու թռչող սարքերն են հարձակվել նավի վրա։
Skynews-ի տվյալներով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախկինում հայտարարել էր, որ ռուսական ուժերը հարվածել են երկու բեռնատար նավի, երբ դրանք ուղևորվում էին դեպի Օդեսայի մոտ գտնվող նավահանգիստ։ Ռուսական կողմը հայտարարել է, որ նավերը բեռներ էին մատակարարում Ուկրաինայի զինված ուժերին։