Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքից հեռացրել է արտաքին գործերի նախարարին:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իլհամ Ալիևը այսօր ստորագրել է Էլմար Մամեդյարովին ազատ արձակման մասին հրամանագիրը:
Ավելի վաղ երկրի նախագահը քննադատել է արտգործնախարարին: Ըստ Ալիևի, արտգործնախարարը ոչ մի կերպ չի արձագանքել, երբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվել էր:
«Ի՞նչ էր անում արտգործնախարարը,ո՞ւր էր նա: Մենք այդ օրը աշխատում էինք մինչև առավոտ: Վարչապետը աշխատավայրում էր, ես նույնպես աշխատում էի: Մեզ հետ միասին էին պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, ներքին գործերի նախարարը, անվտանգության խորհրդի քարտուղարը : Ինձ չի հաջողվել գտնել միայն արտաքին գործերի նախարարին»,- ասել է նա:
Նախագահի հրամանագրով արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է Ջեյհուն Բայրամովը, ով 2018 թվականից զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը:
Ինչ վերաբերում է Էլմար Մամեդյարովին, ապա նա արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից: