Ադրբեջանի արտաքին գործերի նախարար. Ադրբեջանը և Եվրամիությունը համաձայնության են եկել նոր գործընկերային առաջնահերթությունների շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար. Ադրբեջանը և Եվրամիությունը համաձայնության են եկել նոր գործընկերային առաջնահերթությունների շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ

Ադրբեջանը և Եվրամիությունը համաձայնության են եկել բանակցություններ սկսելու նոր գործընկերային առաջնահերթությունների շուրջ,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարվա ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում։

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի՝ պայմանավորվածություն կա նաև վերսկսել բանակցությունները նոր համաձայնագիր ստորագրելու համար։

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության խթանման ոլորտում դրական դինամիկա կա։

Բացի այդ, Ջեյհուն Բայրամովը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի հետ հարաբերություններում ընդհանուր լարվածություն է եղել։

«Դրանից անկախ, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակվել են։ Դուշանբեում կայացած հանդիպումը արդյունավետ էր հարաբերությունների կարգավորման առումով», – ասել է Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ ադրբեջանա-հայաստանյան խաղաղության գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել, և այս ուղղությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվել։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության վերականգնման ջանքերը ակտիվացել են։ Մենք շարունակում ենք հանձնառու լինել երկկողմ երկխոսությանը՝ 2026 թվականին խաղաղության գործընթացը շարունակելու համար։ Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի առաքումը և Հայաստանի կողմից ադրբեջանական նավթամթերքի գնումը վստահության վերականգնման դրական գործընթացներ են», – ասել է Ջեյհուն Բայրամովը։