Ադրբեջանը հերքում է Հայաստանի բանակի դիրքերի ուղղությամբ կրակ բացելը
Ադրբեջանը հերքում է հայկական բանակի դիրքերի ուղղությամբ կրակ բացելը: Այս մասին հայտարարությունն արվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությում:
«Հայաստանի Պաշտպանության նախարարությունը կեղծ տեղեկատվություն է տարածում, իբր Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի դիրքերի ուղղությամբ Գեղարքունիքի մարզում և հայ-ադրբեջանական պետական սահմանին: Միանշանակ հայտարարում ենք, որ հակառակ կողմի ուղղությամբ կրակ չի բացվել: Մեր տեղեկություններով, հայ զինվորի մահվան հետ կապված միջադեպը պատահարի արդյունք է: Ադրբեջանական կողմը որևէ կապ չունի միջադեպի հետ», – ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ, Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած երկկողմանի փոխհրաձգության արդյունքում մահացու վիրավորում է ստացել հայ զինծառայող: