Աբբաս Արաղչի. Էմանուել Մակրոնը դատապարտող ոչ մի խոսք չի ասել Իրանի դեմ պատերազմի մասին

14:38, 19.03.2026

Էմանուել Մակրոնը Իրանի դեմ պատերազմի մասին դատապարտող ոչ մի բառ չի ասել,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահը չի դատապարտել Իսրայելի գործողությունները նույնիսկ այն ժամանակ, երբ այն պայթեցրել է Թեհրանում վառելիքի պահեստը։

«Նա չի դատապարտել Իսրայելին, երբ այն պայթեցրել է Թեհրանում վառելիքի պահեստը՝ միլիոնավոր մարդկանց ենթարկելով տոքսինների ազդեցությանը։ Նրա ներկայիս «մտահոգությունը» պայմանավորված չէր Իսրայելի կողմից մեր գազային օբյեկտների վրա հարձակումով, այլ մեր պատասխան գործողություններով։ Դա ցավալի է», – գրել է Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախկինում հայտարարել էր, որ պետք է մորատորիում սահմանվի քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ էներգետիկայի և ջրամատակարարման օբյեկտների վրա հարվածների վրա։

Էմանուել Մակրոնը նշել է, որ խոսել է Դոնալդ Թրամփի և Կատարի էմիրի հետ և ընդգծել, որ «ընդհանուր շահերից ելնելով» հարվածները պետք է անհապաղ դադարեցվեն։

«Քաղաքացիական բնակչությունը, նրանց հիմնական կարիքները և էներգամատակարարման անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն ռազմական էսկալացիայից», – ասել է Էմանուել Մակրոնը։

Նմանատիպ