ԱԱԾ. Բաչո Ախալայայի հորինված պատմությունը՝ կնոջը ձերբակալելու սպառնալիքի և իր 13-ամյա երեխային որբ թողնելու մասին՝ ընկերներին բացահայտելու համար, անընդունելի է և անբարոյական, դա բացահայտ սուտ է
ԱԱԾ. Բաչո Ախալայայի հորինված պատմությունը՝ կնոջը ձերբակալելու սպառնալիքի և իր 13-ամյա երեխային որբ թողնելու մասին՝ ընկերներին բացահայտելու համար, անընդունելի է և անբարոյական, դա բացահայտ սուտ է

«Անընդունելի և անբարոյական է Բաչո Ախալայայի կողմից հորինված պատմությունը՝ ընկերներին մատնելու նպատակով կնոջ ձերբակալությամբ և 13-ամյա երեխային որբ թողնելու սպառնալիքի մասին», – այս մասին հայտարարում են Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունում (ԱԱԾ)։

Ինչպես նշվում է գերատեսչության հայտարարությունում, Բաչո Ախալայայի հայտարարությունը սուտ է և նպատակ ունի խեղաթյուրել իրականությունը։

«Բաչո Ախալայայի հայտարարությունն ակնհայտ սուտ է և ծառայում է այն նպատակին, որպեսզի հասարակության մոտ ստեղծվի իրականությանը հակասող պատկեր այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում քննչական մարմնում։ Մասնավորապես անընդունելի և անբարոյական է նրա կողմից հորինված պատմությունը՝ ընկերներին մատնելու դիմաց կնոջ ձերբակալման սպառնալիքի և 13-ամյա երեխային որբ թողնելու մասին։

Իրականում մեր աշխատակիցները ձերբակալությունից հետո Ախալայային ուղղել են առաջին հարցը՝ արդյոք ինքը միայնակ է ինտերնետային կապի մեջ եղել Զոդելավայի, Բուրչուլաձեի և մյուսների հետ, թե նաև նրա կինը՝ Աննա Նադարեիշվիլին։ Միևնույն ժամանակ, Ախալայային մանրամասն բացատրվել է ձեռք բերված անառարկելի տվյալների հիման վրա, որ նույնիսկ եթե նա չընդունի մեղքը, սակայն հաստատի, որ կապ է ունեցել միայն ինքը, ապա իր կնոջ՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու ռիսկը շատ ավելի ցածր կլինի։ Չնայած դրան՝ Ախալայան հրաժարվել է ցուցմունք տալուց և պատասխանել նշված հարցին, որից հետո՝ խորհրդակցելով դատախազության հետ, որոշում է կայացվել Աննա Նադարեիշվիլիին ազատ արձակել ձերբակալումից և հետագայում քննության ընթացքում քննարկել նրա պատասխանատվության հարցը։

Ախալայայի այսօր հրապարակավ արած հայտարարությունը՝ հատկապես վերոհիշյալ որոշման ֆոնին, երբ նա ԱԱԾ-ի աշխատակիցների իրավական և բարոյական բարձր չափանիշով գործելակերպը փորձում է ներկայացնել որպես սպառնալիք, վկայում է բացառապես նրա անձնական հատկանիշների մասին, ինչը նույնպես կարևոր է քրեական դատավարության շրջանակում», – նշված է ԱԱԾ-ի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ այսօր կայացած դատական նիստում Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայան հայտարարել է․ «ԱԱԾ-ի շենքում ինձ ասացին՝ կձերբակալենք կնոջդ կամ ուրիշներին, միայն թե մատնիր Պաատա Բուրչուլաձեին և մյուսներին։ Եթե չես մասնակցել, ասա, որ տեղեկություն ունեիր։ Քո երեխան 10 տարի որբ կմնա։ Հենց նա է ահաբեկիչը, ով ինձանից պահանջում էր ընկերներիս դեմ ցուցմունք տալ։ Այդ մարդուն, ով հրամայել է այդ ամենը, փոխանցիր՝ գերեզմանից հանելու եմ»։

Նշենք նաև, որ նույն դատական նիստում Բաչո Ախալայային որպես խափանման միջոց սահմանվել է կալանք։ Նրան մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 4-ի իրադարձությունների կապակցությամբ՝ խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու հոդվածով։