2023 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթը Ուկրաինայի փոխարեն կանցկացվի Մեծ Բրիտանիայում
2023 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթը Ուկրաինայի փոխարեն կանցկացվի Մեծ Բրիտանիայում

2023 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթը Ուկրաինայի փոխարեն կանցկացվի Մեծ Բրիտանիայում։ Մրցույթի կանոնների համաձայն՝ մրցույթում հաղթած երկիրը դառնում է Եվրատեսիլի հյուրընկալողը։ Եվրատեսիլի այս տարի հաղթող է ճանաչվել ուկրաինական «Kalush Orchestra» խումբը։

Սակայն դեռ հունիսին մրցույթի կազմակերպիչները հայտարարեցին, որ Եվրատեսիլն Ուկրաինայում հնարավոր չի լինի անցկացնել։ Դրանից հետո բանակցություններ են վարվել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ՝ մրցույթն անցկացնելու համար։

Ինչպես հայտարարել են Եվրոպական հեռարձակողների միությունում, չնայած այն հանգամանքին, որ «Եվրատեսիլ-2023»-ը կհյուրընկալի Մեծ Բրիտանիան, Ուկրաինայի հաղթանակը մրցույթում պատշաճ կերպով կարտացոլվի։

Ուկրաինայի կառավարությունը դժգոհություն է հայտնել Եվրատեսիլի կազմակերպիչների որոշման կապակցությամբ։ Նրանց կարծիքով, Ուկրաինան կկարողանա ապահովել մրցույթի անվտանգությունը, սակայն Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է մրցույթը տեղափոխել այլ երկիր։

«Եվրատեսիլ 2023»-ը հյուրընկալող քաղաքը դեռ չի նշվում, թեև Գլազգոն և Մանչեսթերն արդեն հետաքրքրություն են հայտնել։