20-րդ տարածքային պաշտպանության բրիգադի պահեստազորայինները երդում տվեցին
Վրաստանի պաշտպանության ուժերի ազգային գվարդիայի «Պալդո» դաշտային ուսումնական բազայում տեղի է ունեցել տարածքային պաշտպանության 20-րդ բրիգադի պահեստազորայինների երդման հանդիսավոր արարողությունը։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ միջոցառման ժամանակ պահեստազորայիններին խոսքով է դիմել ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Ռոման Ջոխաձեն։ Նա խոսել է երկրի պաշտպանունակության բարձրացման գործում տարածքային պահեստազորի կարևորության մասին։
Այս անգամ տարածքային պահեստազորային ծառայությանը միացել է շուրջ 100 քաղաքացի, որոնց մեծամասնությունը ուսանողներ են։ Ռազմական երդում տալուց առաջ նրանք անցել են մարտական և կրակային պատրաստություն, որը ներառում էր ֆիզիկական պատրաստվածության ստուգում, բժշկական ուսուցում և հրաձգություն։ Հանդիսության ժամանակ շնորհակալագրերով պարգևատրվել են բարձր կարգապահությամբ և լավագույն արդյունքներով աչքի ընկած պահեստազորայինները։ Բարձր մակարդակով ծառայողական պարտականությունները կատարելու համար պարգևատրվել են նաև հրամանատարներն ու հրահանգիչները։
Երդումից հետո պահեստազորայինները կբաշխվեն տարածքային պաշտպանության 20-րդ բրիգադի 201-րդ, 202-րդ, 204-րդ և 205-րդ գումարտակներում։ Քաղաքացիների աճող հետաքրքրության պատճառով ստեղծվել է 205-րդ գումարտակը, որը համալրվել է առաջին հոսքով։
Տարածքային պահեստազորային ծառայությունում պահեստազորայինները ծառայում են չորս տարի և տարվա ընթացքում մինչև 45 օր անցնում մարտական պատրաստություն։ Պլանային հավաքների ընթացքում նրանք ստանում են տեսական գիտելիքներ և զարգացնում ճգնաժամերին արձագանքելու կարողություններ։
Երդման արարողությանը ներկա են եղել պահեստազորայինների ընտանիքի անդամները։