2 դուբլ ու հաղթանակ. «Բարսելոնան» խնդիրներ չունեցավ
2 դուբլ ու հաղթանակ. «Բարսելոնան» խնդիրներ չունեցավ

Իսպանական Պրիմերայի 16-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» սեփական դաշտում 4:0 հաշվով առավելության հասավ Լա Կորունիայի «Դեպորտիվոյի» նկատմամբ: Առաջին խաղակեսում կատալոնական ակումբն ունեցավ մի քանի իրական գոլային պահեր, բայց աչքի ընկավ միայն 2 անգամ: 29-րդ րոպեին Լիոնել Մեսիի փոխանցումից հետո դատարկ դարպասը գրավեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, իսկ խաղակեսի վերջնամասում աչքի ընկավ նաև  բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյոն:

Ընդմիջումից անմիջապես հետո Լուիս Սուարեսը դարձավ նաև  դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3:0: 71-րդ րոպեին «Դեպորտիվոյի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, սակայն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հարվածից հետո հյուրերի դարպասապահը հետ մղեց գնդակը: Խաղի վերջակետը դրեց Պաուլինյոն, որը 75-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ:

Հանդիպումից առաջ Մեսին «Նոու Կամպ» ստադիոնում հավաքված երկրպագուներին ցուցադրեց անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը՝ «Ոսկե խաղակոշիկը», որը ստացել էր նոյեմբերի 24-ին: Իսպանիայի անցած առաջնությում 30-ամյա արգենտինացին 34 խաղերում խփել էր 37 գոլ:

«Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 42-ի և  6 միավոր առաջ անցավ երկրորդ տեղ բարձրացած Մադրիդի «Աթլետիկոյից»: Երրորդ տեղ նահանջած «Վալենսիան» ունի 34 միավոր, իսկ մեկ հանդիպում պակաս անցկացրած Մադրիդի «Ռեալը»՝ 31:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բարսելոնա» – «Դեպորտիվո»՝ 4:0

Լուիս Սուարես, 29, 47, Պաուլինյո, 41, 75

Չիրացված 11 մետրանոց՝ Լիոնել Մեսի, 70 («Բարսելոնա»)