ԱՄՆ-ում Վրաստանը նոր դեսպան կունենա, իսկ Եվրոպայի խորհրդում՝ նոր մշտական ներկայացուցիչ
ԱՄՆ-ում Վրաստանը նոր դեսպան կունենա, իսկ Եվրոպայի խորհրդում՝ նոր մշտական ներկայացուցիչ

ԱՄՆ-ում Վրաստանը նոր դեսպան կունենա, իսկ Եվրոպայի խորհրդում՝ նոր մշտական ներկայացուցիչ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախագահ Միխեիլ Ղավելաշվիլուն ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում ներկայացրել է Թամար Տալիաշվիլիի, իսկ Եվրոպայի խորհրդում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում՝ Խատիա Ծիլոսանիի թեկնածությունները։

Թամար Տալիաշվիլին ունի երկարամյա փորձ դիվանագիտական ծառայությունում, պետական և ակադեմիական ոլորտներում։

Նա 2022 թվականից մինչ օրս եղել է Վրաստանի մշտական ներկայացուցիչը Եվրոպայի խորհրդում։ Նա աշխատել է նաև որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մեդիայի և տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի նախագահ, իսկ 2018-2020 թվականներին՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ։

Տալիաշվիլին տարբեր ժամանակներում զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի սպորտի և երիտասարդության հարցերի կոմիտեի նախագահի տեղակալի, կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալի, ինչպես նաև այդ նույն կոմիտեի առաջին փոխնախագահի պաշտոնները։ Նա եղել է նաև Թբիլիսիի քաղաքապետարանի կրթության և մշակույթի կոմիտեի նախագահ, ինչպես նաև Վրաստանի տեղական ինքնակառավարման ազգային ասոցիացիայի փոխնախագահ։ Նա ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Եվրոպայի խորհրդում Վրաստանի մշտական ներկայացուցիչ կլինի Խատիա Ծիլոսանին։ 2019-2020 թվականներին նա զբաղեցրել է Վրաստանի բնապաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը։

Նա աշխատել է նաև գյուղատնտեսության նախարարությունում՝ ղեկավար պաշտոններում։ 2020-2024 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի անդամ՝ որպես շրջակա միջավայրի պաշտպանության և բնական պաշարների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ Նա ունի միջազգային կազմակերպություններում աշխատանքի փորձ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։