Մոլդովայի էներգետիկայի նախարարը նոյեմբերի 25-ին կժամանի Ռուսաստան, որտեղ բանակցություններ կվարի «Գազպրոմի» հետ
Մոլդովայի էներգետիկայի նախարար Վիկտոր Պարլիկովը նախատեսում է այցելել Ռուսաստան, որտեղ բանակցություններ կվարի «Գազպրոմի» հետ։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վիկտոր Պարլիկովը հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում բանակցություններ կանցկացվեն Մերձդնեստր ռուսական գազի մատակարարման շուրջ։
Պարլիկովը նշում է, որ «զգայուն պահ է, երբ այցը տեղի կունենա Ռուսաստանում՝ ագրեսոր երկրում»։
«Բայց մեր տարբերակները սրանք են՝ կամ գնում ես քննարկում, կամ չես գնում ու չես քննարկում։ Եթե չես քննարկում, իմ կարծիքով՝ կորցնում ես խնդիրը լուծելու հնարավորությունը»,- ասաց Պարլիկովը։
Նա ընդգծել է, որ Մոլդովայի համար կարևոր է պարզություն ստանալ «Գազպրոմից» Մերձդնեստրի տարածաշրջանի գազամատակարարման հարցում։
«Մենք 12 տարբեր սցենար ենք կազմել, թե ինչ կլինի այս կամ այն դեպքում։ Մենք կկարողանանք գլուխ հանել նույնիսկ այն սցենարից, որով կդադարեցվի ռուսական գազի տարանցումը և մատակարարումը Մերձդնեստրի տարածաշրջան, թեև դա լավագույն սցենարը չէ»,- ասել է Մոլդովայի էներգետիկայի նախարարը։