Փոփոխություններ Վրաստանի կառավարությունում
Փոփոխություններ Վրաստանի կառավարությունում

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր կայացած արտակարգ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարություն է արել կառավարությունում  կառուցվածքային և կադրային փոփոխությունների վերաբերյալ:

Փոփոխությունների համաձայն 18 նախարարությունից մնում է 14-ը:

Եվրոպական և Եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետական նախարարի ապարատը միացվում է արտաքին գործերի նախարարությանը: Շրջական միջավայրի պաշտպանության նախարարությունը միացվում է գյուղատնտեսության նախարարությանը: Մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարությանն է միացվում սպորտի կոմպոնենտը: Էկոնոմիկայի նախարարությանն է միացվում էներգետիկայի նախարարությունը և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության բնական ռեսուրսների կառավարման կոմպոնենտը: Պետական անվտանգության ծառայությանը միացվում է արտաքին հետազուզական ծառայությունը:

Ներքին գործերի նախարարությունում այսօր գործող արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության և պետական անվտանգության և ճգնաժամների կառավարման խորհրդի վերափոխման արդյունքում, հիմնվում է արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոն, որը ղեկավարելու է Գիորգի Մղեբրիշվիլին:

Ինչ վերաբերում է նախարարներին, ապա ներքին գործերի նախարարի պաշտոնին ներկայացվել է Գիորգի Գախարիայի թեկնածությունը:

Ֆինանսների նախարար է լինելու «Վրաստանի Երկաթգիծ» ընկերության տնօրեն Մամուկա Բախտաձեն:

Կրթության և գիտության նախարարությունը ղեկավարելու է Միխեիլ Չխենկելին:

Մշակույթի նախարարությունը և մաիցված սպորտի նախարարության մի մասը գլխավորելու է Միխեիլ Գիորգաձեն:

Գյուղատնտեսության նախարարությունը, որին միացվել է շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության մի մասը ղեկավարելու է Լևան Դավիթաշվիլին:

Ինչ վերաբերում է արտաքին գործերի նախարարությանը, ապա կառույցին միացվում է եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման պետնախարարությունը, որը գլխավորելու է Միխեիլ Ջանելիձեն:

Կառավարությունում կառուցվածքային և կադրային փոփոխությունների փաթեթը հաստատվելու է մոտակա կառավարության նիստին, որից հետո այն ուղարկվելու է խորհրդարան:

Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետը, այս փոփոխությունները նպաստելու են երկրի արագ զարգացմանը:

Նշենք, որ կառավարության նոր կազմին վստահություն հայտնելու գործընթացը սկսվելու է դեկտեմբերին: