Սիրիական բանակը գրեթե ամբողջությամբ ազատագրել է Դեր Զորը. լրատվամիջոցներ
Սիրիական բանակը գրեթե ամբողջությամբ ազատագրել է Դեր Զորը, այս մասին գրում է լիբանանյան Al-Masdar պարբերականը: Ըստ լրատվամիջոցի՝ բանակը տիրում է Դեր Զորի տարածքի շուրջ 97 տոկոսին:
Նշվում է, որ Ալ Համիդիա շրջանի ազատագրումից հետո սիրիական բանակի ուժերը շարժվել են դեպի Շեյհ Յասին , որտեղ ճեղքել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների պաշտպանական պատն ու վերահսկողության տակ վերցրել շրջանը:
Բացի այդ ՝ սիրիական բանակի վերահսկողության տակ են Ալ Բաժն, Աբու Ադեդ թաղամասերը, ինչպես նաև Ալ Րաշիդիա և Ալ Արդի շրջանների թաղամասերի մեծ մասը, որտեղ որոշակի տարածքներում ԻՊ-ը դեռ շարունակում է դիմադրել:
Նշենք, որ դեռևս սեպտեմբերի 5-ին սիրիական բանակը կարողացավ ճեղքել Դեր Զոր քաղաքի՝ շուրջ 3 տարի տևած շրջափակումն ու գրեթե միաժամանակ քաղաքի արևելյան հատվածում անցավ ԻՊ-ի դեմ լայնածավալ գրոհի:
Այնուհետև բանակին հաջողվեց դուրս մղել ահաբեկիչներին նաև Դեր Զորի հարավ-արևմուտքից և դուրս գալ Եփրատի արևմտյան ափ՝ քշելով ահաբեկիչներին Իրաքի սահմանի ուղղությամբ և շրջափակման մեջ գցելով ԻՊ-ի կողմից գրավված Դեր Զորի բնակելի թաղամասերը:
Նշենք, որ Դեր Զորը համարվում է ԻՊ-ի վերջին խոշոր հենակետը Սիրիայում:
Հեղինակ -
Edgar Barsegyan