Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են Սիրիայի հարցով դիրքորոշումները
Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են Սիրիայի հարցով դիրքորոշումները

Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը մանրամասն քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրի խնդիրը, սիրիական հակամարտությունը և համաձայնեցրել իրենց դիրքորոշումները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Թեհրանում տեղի ունեցած բանակցությունները:

Պուտինն ընդգծել է, որ երեք պետությունների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորված:

«Մենք մանրամասն գնահատեցինք, թե անվտանգության տեսանկյունից տարածաշրջանում ինչպիսի իրադրություն է տիրում, անդրադարձանք հարցերին, որոնք վերաբերում են իրանական միջուկային խնդրին և, իհարկե, նաև մանրամասն խոսեցինք Սիրիայում տիրող իրադրության մասին: Մեզ հաջողվում է համաձայնեցնել մեր դիրքորոշումները սիրիական խնդրի մասով: Շնորհիվ մեր համատեղ ջանքերի, ինչպես նաև Թուրքիայի ներդրած ջանքերի, ինչպես գիտեք, շատ դրական կերպով զարգանում է իրադրությունը ահաբեկչության դեմ պայքարի բուն տարածքում», -ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ երեկ մեկնարկել է Ռուսաստանի նախագահի այցը Իրան, որտեղ բանակցություններ են տեղի ունեցել Պուտինի, Իլհամ Ալիևի և Հասան Ռուհանիի միջև: Անդրադարձ է կատարվել նաև Կասպից ծովի կարգավիճակին և էներգետիկ գործակցության խնդիրներին: