Իրակլի Կոբախիձե. Մեկ տարի առաջ Վրաստանի կառավարությունում ավարտվեցին կադրային և ինստիտուցիոնալ փոփոխությունները, որակապես բարելավվեց կառավարման համակարգը, արդյունավետության դեպարտամենտի աշխատանքի շնորհիվ խնայվեց 101 միլիոն լարի
Ճիշտ մեկ տարի առաջ Վրաստանի կառավարությունում ավարտվեցին կադրային և ինստիտուցիոնալ փոփոխությունները, որից հետո սկսվեց մի նոր փուլ, և որակապես բարելավվեց կառավարման համակարգը. այս մասին խորհրդարանում տարեկան զեկույցով հանդես գալիս հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ Օպտիմալացման և արդյունավետության դեպարտամենտի մեկամյա աշխատանքի արդյունքում կառավարությանը հաջողվել է զգալի միջոցներ խնայել, որոնք կրկին կուղղվեն երկրի զարգացմանը։
«Ձեզ եմ ներկայացնում կառավարական ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը։ Այս հաշվետվությունն ընդգրկում է անցած տարվա երկրորդ կեսը և ընթացիկ տարվա առաջին կեսը, ինչպես սահմանված է մեր սահմանադրությամբ ու օրենսդրությամբ։ Զեկույցն իր բովանդակությամբ շատ ծավալուն է, և ժամանակի սղության պատճառով ես այսօր հնարավորություն կունենամ ներկայացնելու այս հաշվետվության միայն հիմնական, առանցքային ասպեկտները։
Անցյալ տարին բեկումնային էր կառավարության գործունեության մեջ տարբեր տեսանկյուններից։ Ճիշտ մեկ տարի առաջ Վրաստանի կառավարությունում ավարտվեցին կադրային և ինստիտուցիոնալ փոփոխությունները, որից հետո սկսվեց նոր փուլ Վրաստանի կառավարության գործունեության մեջ։ Այս տարվա ընթացքում որակապես բարելավվել է կառավարման համակարգը, և դա էր այն գլխավոր բեկումնային փոփոխությունը, որն իրականացվեց մեր երկրում այս ուղղությամբ։ Այս կադրային փոփոխությունները վերաբերում էին անմիջականորեն կառավարական և կառավարությանը կից գերատեսչություններին, այդ թվում՝ ցանկանում եմ ընդգծել այն փաստը, որ Վրաստանի կառավարությունում ստեղծվեց արդյունավետության դեպարտամենտ, որն ակտիվորեն զբաղվում է ծախսերի օպտիմալացման ապահովմամբ։ 2025 թվականին դեպարտամենտի գործունեության արդյունքում վերանայվել են 115 միլիոն լարի արժողությամբ պետական ծրագրեր ու գնումներ, որոնցից խնայվել է ավելի քան 67 միլիոն լարի։ Սա այն գումարն է, որը կրկին պետք է ծառայի երկրի զարգացմանը։ 2026 թվականին դեպարտամենտի գործունեությունից ստացված ուղղակի տնտեսումը կազմել է 67 միլիոն լարի, իսկ մոնիտորինգի արդյունքում կորեկտացված (ճշգրտված) տենդերներից ստացված տնտեսումը՝ 34 միլիոն լարի։ Ընդհանուր առմամբ, դա կազմում է 101 միլիոն լարի։ Սա այս մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքն է։ Նաև այս դեպարտամենտի ներգրավվածությամբ ստեղծվել է շուկայի հետազոտության էլեկտրոնային մոդել, ինչն ապահովում է գնումների ընթացակարգերի լիակատար թափանցիկությունը և այլն։ Սա մեկ կոնկրետ օրինակ է, որը ցույց է տալիս, թե որքանով է փոխվել մոտեցումն ու վերաբերմունքը պետական կառավարման նկատմամբ»,- նշել է վարչապետը։