Թրամփը դադարեցնում է «Գրին քարտ» վիճակախաղը
Թրամփը դադարեցնում է «Գրին քարտ» վիճակախաղը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կաշխատի Կոնգրեսի հետ, որպեսզի չեղյալ հայտարարվի «Գրին քարտ» վիճակախաղը, որն ԱՄՆ-ում մշտական բնակության արտոնություն է տալիս շահողին:

«Այսօր ես սկսում եմ մի գործընթաց, որի նպատակն է չեղյալ հայտարարել վիզային դիվերսիֆիկացիայի ծրագիրը… Ես դա վաղուց էի ցանկանում անել, մենք խնդրեցինք Կոնգրեսին անհապաղ սկսել դրա հետ կապված աշխատանքները: Մենք պետք է ազատվենք այս ծրագիր-վիճակախաղից և որքան հնարավոր է` շուտ»,- ասել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

ԱՄՆ նախագահի զայրույթն է հարուցել այն փաստը, որ հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում իրականացված ահաբեկչության մեջ հիմնական կասկածյալ Սայֆուլլա Սայիպովը «Գրին քարտի» միջոցով է մուտք գործել ԱՄՆ և նույնիսկ կարողացել է իր ազգականներին, որոնք կարող են հասնել թվով 23 հոգու, տեղափոխել ԱՄՆ, քանի որ ծրագիրը նախատեսում է, որ անձը, ով շահել է այդ վիճակախաղում և ստացել ԱՄՆ մշտական բնակության իրավունք, կարող է նաև իր ազգականներին տեղափոխել այնտեղ: