ԵՄ–ն Վենեսուելային զենքի վաճառքի էմբարգո է սահմանել
ԵՄ–ն Վենեսուելային զենքի վաճառքի էմբարգո է սահմանել

Եվրամիությունը  արգելել է Վենեսուելային զենքի և սարքավորումների մատակարարումը, որոնք կարող է օգտագործվել բռնաճնշումների նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ԵՄ Խորհրդին։

«Խորհուրդն այսօր միանշանակ որոշում է կայացրել սահմանափակող միջոցներ ընդունել՝ ընդգծելով այդ երկրում տիրող իրավիճակի կապակցությամբ իր մտահոգությունը։ Դրանց թվում են զենքի և համապատասխան սարքավորումների մատակարարման էմբարգոն, որը կարող է օգտագործվել ներքին ճնշումների համար»,– ասված է ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ։

Բացի այդ, ընդունվել է նորմատիվային փաստաթուղթ, որը դյուրացնում է մուտքի  և  ակտիվների սառեցման արգելք նախատեսող անհատական պատժամիջոցներ մտցնելը։

Բուն անհատական պատժամիջոցներն առայժմ դեռ սահմանված չեն։

Հայտարարության մեջ նշվում է, որ ընդունված միջոցները «կարող են կիրառվել փուլ առ փուլ  և  ճկունորեն և ուղղվել նրանց դեմ, ովքեր չեն հետևում իրավունքի գերակայության ժողովրդավարական սկզբունքներին և խախտում են մարդու իրավունքները»։

«Այդ միջոցները կարող են չեղարկվել՝ կախված երկրի իրավիճակից, մասնավորապես, վստահության արժանացած ու նշանակալի բանակցությունների անցկացման, ժողովրդավարական ինստիտուտների հարգանքի, ընտրությունների անցկացման գրաֆիկի համաձայնեցման և  քաղբանտարկյալների ազատ արձակման դեպքում»,- հայտարարել են նախարարները։

Վենեսուելայում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ զանգվածային բողոքների հետևանքով այս տարվա գարնանն ու ամռանը զոհվել է ավելի քան 120 մարդ։