Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Դրամաշնորհների մասին» օրենքում փոփոխությունները
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ, 81 կողմ ձայնով ընդունել է ««Դրամաշնորհների (գրանտների) մասին» Վրաստանի օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը։
Փոփոխությունների հիմնական էությունը խորհրդարանի անդամներին ներկայացրել է Շրջակա միջավայրի պաշտպանության և բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մայա Բիթաձեն։
Օրինագծի համաձայն՝ որպես դրամաշնորհ տվող սուբյեկտ է սահմանվում Վրաստանում գրանցված ձեռնարկատիրական սուբյեկտը՝ «Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամ» ԲԲԸ-ն։
Բացի այդ, նշված հիմնադրամն ավելացվում է դրամաշնորհ ստացող սուբյեկտների ցանկում, և սահմանվում է, որ նրա կանոնադրական նպատակների իրականացման համար փոխանցված միջոցները կարող են դիտարկվել որպես դրամաշնորհ։
Նախագծով սահմանվում է նաև «Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամ» ԲԲԸ-ի կողմից դրամաշնորհ ստանալու դեպքում դրամաշնորհի տրամադրման համաձայնության ստացման և համապատասխան փաստաթղթերի ներկայացման կարգը։
«Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամը» 2025 թվականին ձեռք է բերել Կլիմայի կանաչ հիմնադրամի հավատարմագրում։
Կլիմայի կանաչ հիմնադրամը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ֆինանսական մեխանիզմն է և երկրներում ֆինանսավորում է կլիմայի փոփոխության մեղմացման ու հարմարվողականության միջոցառումների հետ կապված նախագծերը։ Այն համարվում է Վրաստանի խոշորագույն գործընկեր կազմակերպություններից մեկը՝ կլիմայի փոփոխության մեղմացման և կանաչ տնտեսության զարգացման ուղղությամբ։