Իրակլի Կոբախիձե․ Փոթիում մենք հիմք ենք դնում նոր նավամատույցի կառուցմանը, ինչը մեր երկրի տնտեսական և տրանսպորտային ներուժի զարգացման համար կարևորագույն իրադարձություն է
Ուրախ եմ, որ այսօր Փոթիում հիմք ենք դնում նոր նավամատույցի շինարարությանը, ինչը մեր երկրի տնտեսական և տրանսպորտային ներուժի զարգացման համար կարևորագույն իրադարձություն է. այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Փոթիի նավահանգստի նոր նավամատույցի շինարարության մեկնարկի արարողությանն իր ունեցած ելույթի ժամանակ։
Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ Փոթիի ծովային նավահանգստի ընդլայնումը հերթական նշանն է այն բանի, որ Վրաստանը հաստատվում է որպես տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն։
«Այս նախագիծը ընդհանուր նպատակի շուրջ միավորում է պետությունը, վրացական բիզնեսը և ամերիկյան ֆինանսական հաստատությունները։ Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային (DFC)։ Այս նախագիծը ևս մեկ վառ ապացույց է այն բանի, որ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված, կայուն զարգացման նպատակներին ուղղված համագործակցությունը միշտ շոշափելի արդյունքներ է բերում։ Միևնույն ժամանակ, առանձնահատուկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ այս մասշտաբային մտահղացման նախաձեռնողն ու իրականացնողը վրացական ընկերություն է։ «Փեյս Գրուպի» (Pace Group) հաջողությունը ցույց է տալիս, որ տեղական բիզնեսն ունի իրավասություն և բոլոր ռեսուրսները՝ միջազգային գործընկերների հետ միասին իրականացնելու այնպիսի մասշտաբային նախագծեր, որոնք կերտում են մեր երկրի տնտեսական ապագան»,- հայտարարել է վարչապետը։
Ի գիտություն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC) PACE Group ընկերության հետ կնքել է 25 միլիոն դոլարի երկրորդ վարկային պայմանագիրը։ Ֆինանսավորումը կուղղվի Փոթիի նոր ծովային նավահանգստի երկրորդ նավամատույցի շինարարության ավարտին։