Թբիլիսիում հարգել են աշխարհահռչակ շանսոնյե և դերասան Շառլ Ազնավուրի հիշատակը:
Ֆլեշմոբն անցկացվել է Ֆրանսիայի դեսպանության շենքի դիմաց: Շառլ Ազնավուրի արվեստի սիրահարները Ֆրանսիայի դեսպանության մոտ ծաղիկներ են խոնարհել և մոմեր վառել նրա հիշատակին:
Միջոցառումը նախաձեռնել է Վիրահայոց թեմի Երիտասարդական բաժինը՝ Վալերի Բադալյանի գլխավորությամբ:
Շառլ Ազնավուրի մահվան հետ կապված իր թվիթերյան էջում հայերեն լեզվով գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը.
«Նրան հրարավիրել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը»,- ասվում է հայտարարության մեջ: Սա նրա երկրորդ հայտարարությունն է նշված թեմայի շուրջ:
Հայաստանի վաչապետի որոշմամբ, Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում հայտարարված է սգո օր:
Ֆրանսիական ԶԼՄ-երի տեղեկությամբ, Ազնավուրին հուղարկավորելու են Փարիզի մերձակայքում, Մանֆոր-Լամորիում, որը եղել է նրա ցանկությունը: Նշված շրջանում է նրա տներից մեկը:
Հուղարկավորության արարողության ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավային մասում, իր տանը, 94 տարեկանում:
Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է Ֆրանսիայում ապրող հայ գաղթականների ընտանիքում: Շառլի մայրը Թուրքիայում բնակվող հայ առևտրականի դուստր էր, իսկ հայրը Վրաստանից էր: Իր կարիերայի ընթացքում Շառլ Ազնավուրը գրել է հարյուրավոր երգեր և մասնակցել շուրջ 70 ֆիլմի նկարահանմանը:
Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ միասին հոկտեմբերին նախատեսում էր մեկնել Հայաստան, որտեղ պետք է ներկա գտնվեր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին: