Երևանի կենտրոնում հազարավոր մարդիկ հարգել են Շառլ Ազնավուրի հիշատակը

Երևանի կենտրոնում հազարավոր մարդիկ հարգել են Ֆրանսիայում մահացած դերասան, երգիչ, շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը: Տեղի բնակիչները հայտնի երգչի անունը կրող հրապարակ են տանում ծաղիկներ և մոմեր: Ակցիային ներկա է եղել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև կառավարության այլ անդամներ և Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը:

Երևանից բացի, Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված ևս մեկ ակցիա է անցկացվել նաև Գյումրի քաղաքում, որտեղ կանգնեցված է հայտնի երգչի անվան հուշարձանը:

Հայաստանի վաչապետի որոշմամբ, Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում հայտարարված է սգո օր:

Ֆրանսիական ԶԼՄ-երի տեղեկությամբ, Ազնավուրին հուղարկավորելու են Փարիզի մերձակայքում, Մանֆոր-Լամորիում, որը եղել է նրա ցանկությունը: Նշված շրջանում է նրա տներից մեկը:

Հուղարկավորության արարողության ամսաթիվը դեռևս հայտնի չէ:

Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավային մասում, իր տանը, 94 տարեկանում:

Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է Ֆրանսիայում ապրող հայ գաղթականների ընտանիքում: Շառլի մայրը Թուրքիայում բնակվող հայ առևտրականի դուստր էր, իսկ հայրը Վրաստանից էր: Իր կարիերայի ընթացքում Շառլ Ազնավուրը գրել է հարյուրավոր երգեր և մասնակցել շուրջ 70 ֆիլմի նկարահանմանը:

Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ միասին հոկտեմբերին նախատեսում էր մեկնել Հայաստան, որտեղ պետք է ներկա գտնվեր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին: