Գիորգի Կվիրիկաշվիլին ցավակցություն է հայտնել Թեմիրլան Մաչալիկաշվիլիի մահվան կապակցությամբ
Գիորգի Կվիրիկաշվիլին ցավակցություն է հայտնել Թեմիրլան Մաչալիկաշվիլիի մահվան կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ցավակցություն է հայտնել, Պանկիսիի կիրճի Դուիսի գյուղում տեղի ունեցած հատուկ գործողության ժամանակ վիրավորված Թեմիրլան Մաչալիկաշվիլիի մահվան կապակցությամբ:

Ինչպես այսօրվա կառավարության նիստին հայտարարել է վարչապետը, պետությունը և բժիշկները արել են հնարավորինս նրա կյանքը փրկելու համար, սակայն ցավոք չի հաջողվել փրկել հատուկ գործողության ժամանակ վիրավորված Թեմիրլան Մաչալիկաշվիլիին:

«Ինչ արդյունքներով էլ ավարտվի հետաքննությունը, ցանկանում եմ ցավակցել Թեմիրլան Մաչալիկաշվիլիի ընտանիքին: Միևնույն ժամանակ ցանկանում եմ իմ հարգանքս վերահաստատել մեր Քիստ համաքաղաքացիների նկատմամբ, որոնք դարերի ընթացքում սեփական դիրքորոշմամբ բազմաթիվ անգամ ապացուցել են Վրաստանի նկատմամբ իրենց հարգանքը: Մեկ անգամ ևս ցանկանում եմ նշել, որ մեր եղբայրությունը չի խախտվի և կշարունակենք միասին ապրել և արարել Վրաստանում»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Բացի այդ վարչապետը հայտարարել է, որ պետությունը անում է հնարավորինս ահաբեկչության վտանգից խուսափելու ուղղությամբ: Նրա խոսքերով պետական անվտանգության ծառայության կողմից վերջերս իրականացրած հատուկ գործողությունները ուղղված են եղել հենց ահաբեկչության դեմ:

«Մինչ նիստի սկիզբը ցանկանում եմ խոսել մեր երկրի համար կարևոր հարցի շուրջ: Այս հարցը ահաբեկչությունն է, որը մարտահրավեր է ողջ աշխարհի համար: Մեր պետությունը անում է հնարավորինս այս վտանգից խուսափելու համար: Պետական անվտանգության ծառայության կողմից վերջերս իրականացրած հատուկ գործողությունները ուղղված են եղել հենց ահաբեկչության դեմ: Այս հատուկ գործողությունների ժամանակ մենք կորցրեցինք մեկ հատուկ ջոկատայինի, ինչպես նաև վիրավորվեցին չորսը: Այս տղաները սեփական կյանքի գնով պաշտպանում էին մեր քաղաքացիների անվտանգությունը»,-նշել է Կվիրիկաշվիլին: