Կախա Կալաձե. Եթե քաղաքապետարանի աշխատակիցը կարող է գալ ընդդիմության կազմակերպած հանրահավաքին, ինչո՞ւ չի կարող գալ իշխանության հայտարարած տոնակատարությանն ու հանդիպմանը
«Ինչպե՞ս կարելի է այսօր՝ 2024 թվականին, ինչ-որ մեկին բռնի կերպով որևէ տեղ տանել։ Չէ՞ որ այս տարիները թողել ենք անցյալում ու վերջացրել։ Ուստի՝ մարդկանց բռնի կերպով տարհանել հնարավոր չի լինի»,- այսպես է պատասխանել մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն լրագրողի հարցին, որը վերաբերում էր մայիսի 29-ին իշխանությունների կողմից ծրագրված հանրային հանդիպմանը քաղծառայողների մասնակցությանը։
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, հանրահավաքի ընթացքում աշխատանքային օրը կավարտվի և պետական ծառայողները լիարժեք իրավունք կունենան մասնակցել դրան կամավոր։
«Ի՞նչ է, պետական ծառայողը այս երկրի քաղաքացի չէ՞։ Ակցիան ժամը 20:00-ին է, իսկ աշխատանքային օրը ավարտվում է 18:00-ին: Հետևաբար, հնարավոր է, որ մարդիկ դուրս գան, խնդիր չկա։ Դուք փորձ ունեք ճնշելու այս մարդկանց։ Ես ուզում եմ բոլորիդ կոչ անել, իմ ընկերներ, չլսել, գործել այնպես, ինչպես ձեր սիրտն է թելադրում։
Մենք գիտենք, որ այսօր երկիրը պետք է միասնական լինի։ Այսօր պետք է հաղթել այդ չար ուժերին, որ տեսնում եք, ինչ հայտարարություններ, ինչ կոչեր են անում։ Այսօր մեզ պետք է միասնություն, խաղաղություն, հանգստություն պահպանել։ Ըստ այդմ, քաղծառայողն, իհարկե, իրավունք և հնարավորություն ունի գալ և մասնակցել նշված հանդիպմանը։ Ձեր երեխեքին, թոռներին բերեք, ձեր հարեւաններին էլ ասեք, ձեր թաղում, ինչքան հնարավոր է, եկեք, սա է հրավերը։ Եթե քաղաքապետարանի աշխատակիցը կարող է գալ ձեր կազմակերպած հանրահավաքին, ինչո՞ւ չի կարող գալ կառավարության հայտարարած տոնակատարությանն ու հանդիպմանը։ Ինչո՞ւ նա չպետք է գա»,- ասել է Կախա Կալաձեն։