Դավիթ Զալկալիանին կմասնակցի Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը
Դավիթ Զալկալիանին կմասնակցի Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում տեղի կունենա «Արևելյան գործընկերության» արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին կմասնակցի Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։ Այս մասին տեղեկություն է տարածում ԱԳ նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, մինիստերիալը կանցկացվի Արևելյան գործընկերության գագաթնաժողովից մեկ ամիս առաջ և նպատակ ունի քննարկում անցկացնել գագաթնաժողովի հիմնական թեմաների շուրջ։

«Դավիթ Զալկալիանին իր գործընկերների հետ կկիսվի վրացական կողմի ակնկալիքներով և առաջնահերթություններով այնպիսի կարևոր թեմաների շուրջ, ինչպիսիք են Գագաթնաժողովի հռչակագիրը, Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագիրը, Եվրամիության առաջատար նախաձեռնությունները, այդ թվում Եվրամիության հետ Վրաստանի կապերի ամրապնդումը՝ էներգետիկայի, տրանսպորտի և թվային ուղղություններով, և այդ տեսանկյունից Սև ծովի ներուժի հայտնաբերումը, փոքր և միջին բիզնեսի խթանումը, էկոլոգիական իրավիճակի բարելավումը և այլն։

Փոխվարչապետը կկենտրոնանա անվտանգության մարտահրավերների վրա և գործընկերների հետ կքննարկի Եվրամիության դերը և Արևելյան գործընկերության տարածաշրջանում նրա ներգրավվածության ամրապնդումը։

Մինիստերիալին զուգահեռ Դավիթ Զալկալիանին կհանդիպի Եվրամիության Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին, որի հետ կքննարկի Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ավելի լայն շրջանակ»,- ասվում է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։