Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի բնակիչները շտապ տարհանման մասին հրահանգ են ստացել
Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի բնակիչները շտապ տարհանման մասին հրահանգ են ստացել

Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Կուրիյամա քաղաքի մոտ 900 բնակիչ ստացել է շտապ տարհանման մասին իշխանությունների հրահանգը՝ «Լան» թայֆունի հետևանքով Աբուկումա գետի ափերից դուրս գալու վտանգի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ընդհանուր առմամբ, տարհանվում է 919 մարդ»,- հայտնել են Կուրիյամայի իշխանությունները:

Ավելի վաղ քաղաքի վարչակազմի կայքում հրապարակվել է տարհանման մասին հրահանգը:

«Տարհանման ժամանակ մի՛ մոտեցեք գետերին ու ջրանցքներին: Վտանգի դեպքում թաքնվեք բարձունքների վրա գտնվող շինություններում»,- ասված է Կուրիյամայի իշխանությունների հրահանգում:

Թայֆունը հարվածել է Հոնսյու կղզուն նախօրեին և ամբողջ գիշեր մոլեգնել Տոկիոյում, բայց անձրևները տեղացել են մի քանի օր շարունակ, ինչը հանգեցրել է հեղեղումների:

Ճապոնական ԶԼՄ-ների տվյալներով՝ մահացել է առնվազն մեկ մարդ, մոտ 90 հոգի վիրավորվել Ճապոնիայի տարբեր շրջաններում: