Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Վրաստանի 2024 թվականի բնակչության և գյուղատնտեսության մարդահամարի հիմնական արդյունքները
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է Վրաստանի 2024 թվականի բնակչության և գյուղատնտեսության մարդահամարի հիմնական արդյունքները։
Ինչպես նշված է Սաքստատի (Վրաստանի վիճակագրական ծառայություն) տեղեկատվության մեջ, Վրաստանի 2024 թվականի բնակչության և գյուղատնտեսության մարդահամարն անցկացվել է 2024 թվականի նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։
«Մարդահամարն ընդգրկել է երկրի ողջ տարածքը՝ բացառությամբ օկուպացված տարածքների։ Միջազգային մեթոդաբանության համաձայն՝ մարդահամարի են ենթարկվել երկրում մշտապես բնակվող Վրաստանի բոլոր քաղաքացիները, ինչպես նաև երկրի տարածքում գտնվող օտարերկրյա պետությունների քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք։
Բնակչության հաշվարկի պահ (մարդահամարի կրիտիկական պահ) է սահմանվել նոյեմբերի 13-14-ի կեսգիշերվա ժամը 12-ը, որի համաձայն էլ իրականացվել է փաստերի գրանցումը։ Իսկ գյուղատնտեսական մարդահամարի են ենթարկվել այն բոլոր տնային տնտեսություններն ու իրավաբանական անձինք, որոնք 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ սեփականության կամ ժամանակավոր օգտագործման իրավունքով ունեցել են գյուղատնտեսական նշանակության հողատարածք, կամ ունեցել են անասուն, թռչուն կամ մեղվաընտանիք՝ անկախ այն հանգամանքից, թե հաշվետու տարում արտադրել են որևէ տեսակի գյուղատնտեսական արտադրանք, թե ոչ։
Մարդահամարի շրջանակներում տվյալները հավաքագրվել են էլեկտրոնային եղանակով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Գործընթացն իրականացվել է երկու փուլով. առաջին փուլում (2024 թվականի նոյեմբերի 14-23) կիրառվել է ինքնագրանցման մեթոդը (CAWI), իսկ երկրորդ փուլում (նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 31)՝ համակարգչի օգնությամբ անձնական հարցազրույցի մեթոդը (CAPI)։ Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին որոշ բարձրլեռնային և դժվարամատչելի բնակավայրերում եղանակային պայմանների հնարավոր վատթարացման պատճառով կդժվարանար դաշտային աշխատանքների իրականացումը, Մեստիայի, Ղազբեգիի, Լենտեխիի, մասնակիորեն Ախմետայի (Օմալոյի վարչական միավոր) և Դուշեթիի (Գուդամաղարիի, Մաղարոսկարիի, Ուկանափշավիի, Քվեշեթիի, Շատիլիի և Խևսուրեթիի վարչական միավորներ ու Փասանաուրիի վարչական միավորի մեջ մտնող գյուղեր) մունիցիպալիտետներում մարդահամարն անցկացվել է 2024 թվականի սեպտեմբերին։
Բնակչության թվաքանակը
2024 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ Վրաստանի բնակչության թվաքանակը կազմել է 3 929 581 մարդ, ինչը 2014 թվականի մարդահամարի տվյալների (3 713 804 մարդ) համեմատ ավելի է 5.8 տոկոսով (215 777 մարդ)։
2024 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ քաղաքային բնակչությունը կազմել է 2 455 444 մարդ (62.5 տոկոս), իսկ գյուղական բնակչությունը՝ 1 474 137 մարդ (37.5 տոկոս)։ Քաղաքային բնակավայրերում բնակչության աճը կազմել է 15.7 տոկոս (332 821 մարդ), իսկ գյուղական բնակչության նվազումը՝ 7.4 տոկոս (117 044 մարդ)։ Արդյունքում, 2014 թվականի մարդահամարի համեմատ, զգալիորեն փոխվել է քաղաք/գյուղ կառուցվածքը. քաղաքային բնակչության մասնաբաժինը ընդհանուր բնակչության մեջ աճել է 5.3 տոկոսային կետով և հավասարվել 62.5 տոկոսի։
2024 թվականի մարդահամարի արդյունքներով՝ ք. Թբիլիսիի բնակչության թվաքանակը սահմանվել է 1 331 485 մարդ, ինչը 2014 թվականի մարդահամարի արդյունքներով ստացված տվյալները գերազանցում է 20.1 տոկոսով (222 768 մարդ)։
2014 թվականի մարդահամարի համեմատ, բնակչության ամենանշանակալի աճը, բացի ք. Թբիլիսիից, արձանագրվել է Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում (20.7 տոկոս) և Քվեմո Քարթլիի տարածաշրջանում (4.2 տոկոս)։ Մնացած տարածաշրջաններում բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է, մասնավորապես՝ ամենամեծ անկումը գրանցվել է Գուրիայի տարածաշրջանում՝ 9.7 տոկոս, և Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 7.6 տոկոս։ Զգալի նվազում է նկատվում նաև Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում (6.8 տոկոս), Կախեթիում (4.6 տոկոս) և Իմերեթիում (4.3 տոկոս)։
2014 թվականի մարդահամարի համեմատ, ամենաբարձր աճը գրանցվել է ք. Բաթումիում, որտեղ բնակչության թվաքանակն աճել է 54.2 տոկոսով և կազմել 235 668 մարդ։ Զգալի աճ է արձանագրվել նաև Ղազբեգիի (28.8 տոկոս), Լենտեխիի (17.5 տոկոս) և Մարնեուլիի (11.0 տոկոս) մունիցիպալիտետներում։ Դրական դինամիկա է նկատվել նաև ք. Քութայիսիում (9.0 տոկոս) և ք. Ռուսթավիում (5.6 տոկոս)։
2014 թվականի համեմատ զգալի անկում է գրանցվել Խուլոյի (29.9 տոկոս) և Շուախևիի (26.2 տոկոս) մունիցիպալիտետներում։ Բնակչության թվաքանակի նվազման միտում է նկատվել նաև Ցագերիի (18.2 տոկոս), Ծղալտուբոյի (15.1 տոկոս) և Տղիբուլիի (14.9 տոկոս) մունիցիպալիտետներում։
Բնակչության սեռատարիքային կազմը
2024 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ Վրաստանի բնակչության 47.9 տոկոսը կազմում են տղամարդիկ (1 881 004), իսկ 52.1 տոկոսը՝ կանայք (2 048 577)։ 2014 թվականի համեմատ 65 տարեկան և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը աճել է 3.3 տոկոսային կետով և կազմել 17.6 տոկոս (692 700 մարդ)։ 0–14 տարեկան տարիքային խմբի մասնաբաժինը աճել է 1.0 տոկոսային կետով և կազմել 19.6 տոկոս (770 823 մարդ)։ 15–64 տարեկան տարիքային խմբի մասնաբաժինը նվազել է 4.3 կետով և կազմել 62.8 տոկոս (2 466 058 մարդ)։
Քաղաքացիություն – 2024 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների թվաքանակը 2014 թվականի համեմատ աճել է 2.5 տոկոսով և կազմել 3 775 415 մարդ, սակայն նրանց մասնաբաժինը ընդհանուր բնակչության մեջ միջմարդահամարային ժամանակահատվածում 99.2 տոկոսից նվազել է մինչև 96.1 տոկոս։ Վրաստանում մշտապես բնակվող օտարերկրյա պետությունների քաղաքացիների թվաքանակը կազմել է 133 857 մարդ։
Օտարերկրյա պետությունների քաղաքացիների թվում առաջին հնգյակը ներկայացնում են Ռուսաստանի Դաշնության (37 715 մարդ), Հնդկաստանի (23 925 մարդ), Ուկրաինայի (11 542 մարդ), Ադրբեջանի (8 309 մարդ) և Հայաստանի (5 381 մարդ) քաղաքացիները։
Ազգային կազմը
2024 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ ազգությամբ վրացի բնակչության թվաքանակը 2014 թվականի համեմատ աճել է 2.5 տոկոսով և կազմել 3 304 075 մարդ։ Այնուամենայնիվ, ընդհանուր բնակչության մեջ ազգությամբ վրացի բնակչության մասնաբաժինը 86.8 տոկոսից նվազել է մինչև 84.1 տոկոս։ Երկրորդ խոշորագույն էթնիկ խումբը 268 832 մարդով (6.8 տոկոս) կազմում են ադրբեջանցիները, որոնց թվաքանակն աճել է 15.4 տոկոսով, իսկ երրորդ խումբը՝ 169 296 մարդով (4.3 տոկոս), ազգությամբ հայ բնակչությունն է, որոնց թվաքանակը 2014 թվականի մարդահամարի համեմատ աճել է 0.7 տոկոսով։
Ազգությամբ ռուս բնակչության քանակը միջմարդահամարային ժամանակահատվածում աճել է 60.8 տոկոսով և կազմել 42 545 մարդ։ Հնդիկ ազգության բնակչությունը 446 մարդուց աճել է մինչև 23 996 մարդ։ Ուկրաինացիների թվաքանակն աճել է 139.4 տոկոսով և կազմել 14 443 մարդ։ Արաբական ազգության բնակչությունը 609 մարդուց աճել է մինչև 12 533 մարդ, բելառուսների թվաքանակը՝ 431 մարդուց մինչև 4 558 մարդ, իսկ իրանցիների թվաքանակը՝ 217 մարդուց մինչև 4 304 մարդ։
Աբխազական ազգության բնակչությունն աճել է 5 տոկոսով և կազմել 907 մարդ։ Նույն ժամանակահատվածում օսական ազգության բնակչությունը նվազել է 12.3 տոկոսով և կազմել 12 611 մարդ, իսկ եզդիների քանակը նվազել է 7.0 տոկոսով՝ կազմելով 11 324 մարդ։
Դավանանքը
2024 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ Վրաստանի բնակչության 82.0 տոկոսը (3 223 206 մարդ) կազմում են ուղղափառները, ինչը 2014 թվականի համեմատ ավելի է 4.1 տոկոսով։ Այնուամենայնիվ, միջմարդահամարային ժամանակահատվածում, ընդհանուր բնակչության մեջ նրանց մասնաբաժինը 83.4 տոկոսից նվազել է մինչև 82.0 տոկոս։
Մուսուլմանական կրոնի հետևորդների թիվը կազմել է 437 458 (ընդհանուր բնակչության 11.1 տոկոսը), ինչը 2014 թվականի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 9.7 տոկոսով։ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների քանակը նվազել է 6.7 տոկոսով և կազմել 101 736 մարդ։ Կաթոլիկ կրոնի հետևորդների թիվը գրեթե անփոփոխ է, իսկ Եհովայի վկաների քանակը նվազել է 13 տոկոսով և կազմել 10 787 մարդ։
Մայրենի լեզուն
2024 թվականի բնակչության մարդահամարի արդյունքներով՝ Վրաստանի բնակչության 85.1 տոկոսի (3 343 987 մարդ) համար մայրենի լեզուն վրացերենն է։ 2014 թվականի համեմատ վրացախոս բնակչության քանակն աճել է 2.7 տոկոսով, սակայն նրանց մասնաբաժինը ընդհանուր բնակչության մեջ 87.6 տոկոսից նվազել է մինչև 85.1 տոկոս։
Մայրենի լեզվի համաձայն՝ երկրորդ տեղում ադրբեջաներենն է. այն որպես մայրենի լեզու համարում է 265 534 մարդ (6.8 տոկոս)։ 2014 թվականի համեմատ ադրբեջանախոս բնակչության քանակն աճել է 14.7 տոկոսով։ Հայերենը որպես մայրենի նշել է 139 438 մարդ (3.5 տոկոս), ինչը նախորդ մարդահամարով ստացված տվյալներին զիջում է 3.7 տոկոսով։
Նույն ժամանակահատվածում ռուսախոս բնակչության քանակն աճել է 18.6 տոկոսով և կազմել 54 460 մարդ։ Օսերենը որպես մայրենի լեզու նշել է 3 839 մարդ, ինչը նախորդ՝ 2014 թվականի մարդահամարի համապատասխան տվյալներից պակաս է 32.6 տոկոսով։ 370 մարդու համար մայրենի լեզուն աբխազերենն է, ինչը 2014 թվականի նույն ցուցանիշի (272 մարդ) համեմատ ավելի է 36.0 տոկոսով։
Գյուղատնտեսական տնտեսությունների քանակը
2024 թվականի գյուղատնտեսական մարդահամարի համաձայն՝ գյուղատնտեսական տնտեսությունների քանակը սահմանվել է 479.5 հազար միավոր, ինչը 25.3 տոկոսով պակաս է 2014 թվականի մարդահամարի համապատասխան ցուցանիշից։ Ինչ վերաբերում է այն իրավաբանական անձանց, որոնք 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ սեփականության կամ ժամանակավոր օգտագործման իրավունքով ունեցել են գյուղատնտեսական հողատարածք, կամ ունեցել են անասուն, թռչուն կամ մեղվաընտանիք, ապա նրանց քանակը կազմել է 2.8 հազար միավոր, ինչը 25.0 տոկոսով գերազանցում է 2014 թվականի գյուղատնտեսական մարդահամարի համապատասխան ցուցանիշը։
Գյուղատնտեսական տնտեսությունների օգտագործման տակ գտնվող բազմամյա տնկարկները
Գյուղատնտեսական մարդահամարի համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բազմամյա տնկարկներով զբաղեցված հողատարածքը կազմում է 176.0 հազար հեկտար, ինչը 60.6 տոկոսով գերազանցում է 2014 թվականի գյուղատնտեսական մարդահամարի համապատասխան ցուցանիշը։
Գյուղատնտեսական տնտեսությունների օգտագործման տակ գտնվող հողատարածքների հիմնական կատեգորիաները
2024 թվականի գյուղատնտեսական մարդահամարի արդյունքների համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գյուղատնտեսական հողատարածքը կազմել է 809.1 հազար հեկտար, ինչը 2014 թվականի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 2.7 տոկոսով։ Տնտեսությունների օգտագործման տակ գտնվող վարելահողերի տարածքը սահմանվել է 325.2 հազար հեկտար, ինչը 2014 թվականի համեմատ պակաս է 13.8 տոկոսով, իսկ խոտհարքների և արոտավայրերի տարածքը կազմել է 305.6 հազար հեկտար, ինչը 2014 թվականի ցուցանիշը (300.0 հազար հեկտար) գերազանցում է 1.9 տոկոսով։ Ինչ վերաբերում է հողի լրացուցիչ առանձին կատեգորիաներին, 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գյուղատնտեսական տնտեսությունների օգտագործման տակ գտնվող չմշակված հողատարածքը կազմել է 116.9 հազար հեկտար, շենք-շինություններով և բակերով զբաղեցված հողատարածքը՝ 46.3 հազար հեկտար, իսկ ջերմոցների տարածքը՝ 2.3 հազար հեկտար։
Խաղողի վազերի քանակը
2024 թվականի գյուղատնտեսական մարդահամարի արդյունքների համաձայն՝ Վրաստանում գյուղատնտեսական տնտեսությունների օգտագործման տակ գտնվող խաղողի վազերի քանակը կազմել է 164.7 միլիոն, որից 96.4 տոկոսը պտղատու է եղել։
Տնտեսությունների օգտագործման տակ գտնվող անասունները, թռչունները և մեղվաընտանիքները
2024 թվականի գյուղատնտեսական մարդահամարի համաձայն՝ գյուղատնտեսական տնտեսությունների օգտագործման տակ գտնվող խոշոր եղջերավոր անասունների քանակը սահմանվել է 841.0 հազար գլուխ, ինչը 2014 թվականի համեմատ պակաս է 15.0 տոկոսով։ Կովերի քանակը 2024 թվականին կազմել է 412.5 հազար գլուխ, ինչը 2014 թվականի համեմատ նվազել է 18.3 տոկոսով։ 2014 թվականի համեմատ 25.4 տոկոսով նվազել է նաև ոչխարների քանակը՝ 944.0 հազար գլխից հասնելով 704.4 հազար գլխի։ Նվազել է նաև գոմեշների գլխաքանակը՝ 22.8 տոկոսով, իսկ խոզերի գլխաքանակը աճել է 12 տոկոսով։ Դրա հետ մեկտեղ, մարդահամարի արդյունքների համաձայն, թռչունների քանակն աճել է 18.9 տոկոսով։
2024 թվականին գյուղատնտեսական տնտեսությունների օգտագործման տակ կար 191.5 հազար մեղվաընտանիք (փեթակ), ինչը 27.6 հազարով (16.9 տոկոս) գերազանցում է 2014 թվականի համապատասխան ցուցանիշը»,- նշված է տեղեկատվության մեջ։