«Պոլիտիկո»․ «Ռումինիայում քաղաքական ճգնաժամը սրվում է, քանի որ խորհրդարանը չի կարողացել հաստատել նոր կառավարություն»
Ռումինիայում քաղաքական ճգնաժամը խորանում է, քանի որ խորհրդարանը չի հաստատել նոր կառավարությունը։ Աջ կենտրոնամետ քաղաքական գործիչ Ադրիան Վեստեան չի կարողացել հավաքել երկրի վարչապետի պաշտոնը ստանձնելու համար անհրաժեշտ 233 ձայնը։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Պոլիտիկո»-ն։
Քաղաքական գործչի առաջարկած կաբինետին կողմ է քվեարկել ընդամենը 189 օրենսդիր։ Վեստեան երկրորդ քաղաքական գործիչն է, ում նախագահ Նիկուշոր Դանը նշանակել է կառավարություն կազմելու համար այն բանից հետո, երբ վարչապետ Իլիե Բոլոյանը անցյալ տարվա մայիսին անվստահության քվեի արդյունքում պաշտոնանկ արվեց։
Մի քանի շաբաթ առաջ մեկ այլ թեկնածու՝ Եվգեն Տոմակը, նույնպես չէր կարողացել ստանալ երկրի խորհրդարանի մեծամասնության աջակցությունը։ Այժմ երկրի նախագահը պետք է որոշի, թե ում է ներկայացնելու որպես կառավարության ձևավորման երրորդ թեկնածու։
Այսօր Նիկուշոր Դանը հանդիպում է Ռումինիայի բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նոր թեկնածուին։ Եթե Ռումինիայի նախագահը առաջիկա 60 օրվա ընթացքում չանվանի վարչապետի նոր թեկնածու, հնարավոր է՝ նոր ընտրություններ նշանակվեն։
Արևմտյան լրատվամիջոցների համաձայն՝ քանի որ եվրոսկեպտիկ «Ռումինացիների միասնության դաշինքը» համարվում է երկրի ամենահանրահայտ կուսակցությունը, նախագահից ակնկալվում է, որ նա կանի ամեն ինչ նոր ընտրություններից խուսափելու համար, քանի որ նա կողմնակից է Ռումինիայի արևմտամետ կուրսի պահպանմանը։