Հոկտեմբերի 4-ի գործով կալանավորված ևս 12 անձի հետ դատավարական համաձայնություն է կնքվել, իսկ մեկ անձ, ով հրաժարվել է համաձայնությունից, դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման
Հոկտեմբերի 4-ի գործով» կալանավորված ևս 12 անձի հետ դատավարական համաձայնություն (պրոցեսուալ համաձայնագիր) է կնքվել։
11 անձի նկատմամբ կնքված դատավարական համաձայնությունը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և երեք տարվա պայմանական պատիժ: Իսկ անձանցից մեկին՝ Սաբա Կորձաիային, դատավարական համաձայնության հիման վրա սահմանվել է մեկ տարի և վեց ամիս ազատազրկում ու երեք տարվա պայմանական պատիժ։ Դատախազի հայտարարության համաձայն՝ նա մեկ այլ քրեական գործով արդեն իսկ դատապարտված է եղել։
Մասնավորապես, մեղքն ընդունել են և դատավարական համաձայնություն է կնքվել հետևյալ անձանց հետ՝ Գիորգի Կիրվալիձե, Սիմոն Մախարաձե, Կախաբեր Կվաճանտիրաձե, Գիա Թոլորաիա, Միխեիլ Թոլորաիա, Ավթանդիլ Թոփչիշվիլի, Իուրի Լոմիձե, Դավիթ Գիունաշվիլի, Գիորգի Տալախաձե, Բեքա Մաճավարիանի, Սաբա Կորձաիա և Կոբա Էպիտաշվիլի։
Նրանց մեղադրանք էր առաջադրվել մի քանի հոդվածներով։ Դրանք են՝ ռազմավարական կամ առանձնակի կարևորության օբյեկտի զավթման փորձ՝ կատարված խմբակային, ինչպես նաև մասնակցություն խմբակային բռնություններին։ Նշված հանցագործությունները նախատեսում են մինչև վեց տարվա ազատազրկում։
Այսուհանդերձ, գործի նշված դրվագով կալանավորված ևս մեկ անձ՝ Մանուչար Միքելաձեն, հրաժարվել է դատավարական համաձայնությունից։ Դատարանի որոշմամբ՝ նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։
Հոկտեմբերի 4-ի իրադարձությունների կապակցությամբ քրեական պատասխանատվության է ենթարկվել ընդհանուր առմամբ 64 անձ։ Նրանց մի մասի, այդ թվում՝ խմբակային բռնությունների կազմակերպման մեղադրանքով կալանավորված քաղաքական գործիչների պատիժն արդեն սահմանվել է, իսկ դատավարական համաձայնություն ընդհանուր առմամբ կնքվել է 34 անձի հետ։