Կախա Կալաձեն հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելիին։
Հանդիպմանը կողմերը խոսել են Վրաստանի և Իտալիայի միջև առկա սերտ հարաբերությունների և տարբեր ուղղություններով համագործակցության խորացման կարևորության մասին։
«Ուրախ եմ, որ մեր երկրներին բարեկամական հարաբերություններ են կապում։ Շատ լավ դեսպան ունեք, շնորհակալություն նրան համագործակցության և աջակցության համար։ Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը՝ կարևոր է ավելի շատ համագործակցությունը գործընկեր երկրների հետ։ Վրաստանը բացահայտորեն հայտարարել է իր եվրոպական կուրսի մասին, սակայն այս ճանապարհին մենք անարդար վերաբերմունք ենք տեսնում։ Մենք ոչ մեկի դեմ չենք պայքարում, միայն պաշտպանում ենք մեր երկրի և մեր բնակչության շահերը։ Հավանաբար ավելորդ է խոսել այն մասին, որ Իտալիայի հետ ինձ առանձնահատուկ սեր է կապում։ Պատրաստ եմ ամեն կերպ նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների էլ ավելի խորացմանը»,- հայտարարել է Կախա Կալաձեն։
Իր հերթին, Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին հյուրընկալության համար և ընդգծել Իտալիայի պատրաստակամությունը՝ խորացնելու երկրների միջև հարաբերությունները։
«Ուրախ եմ ձեզ հանդիպելու համար։ Հույս ունեմ, որ մեր երկրների միջև գործընկերային հարաբերություններն էլ ավելի կխորանան։ Իտալիան աջակցել է և ապագայում էլ ամուր կերպով կաջակցի Վրաստանի տարածքային ամբողջականությանը և նրա ձգտմանը դեպի եվրոպական կառույցներ»,- նշել է Էդմոնդո Չիրիելին։
Թբիլիսիի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը ներկա է եղել Վրաստանում Իտալիայի լիազոր դեսպան Մասիմիլիանո Դ’Անտուոնոն։