Զուգդիդիում բացվել է նոր մարզական համալիր
Զուգդիդիում բացվել է նոր, ժամանակակից ստանդարտներին համապատասխան սպորտային համալիր։ Այս մասին հայտնում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը։
Ըստ նախարարության, սպորտային համալիրը կառուցվել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից։
«Զուգդիդիի նոր սպորտային համալիրը հագեցած է այնպիսի ենթակառուցվածքներով, որոնք կհետաքրքրեն բոլոր տարիքի և հետաքրքրությունների մարդկանց՝ մեծ (33×25 մ) և փոքր (16×8 մ) լողավազաններ, ֆիտնես և ծանրամարտի դահլիճներ՝ առողջ և ակտիվ կենսակերպի համար։
Յուրաքանչյուր դահլիճն ու լողավազանը ունի առանձին հանդերձարաններ և լոգարաններ՝ ինչպես մարզիկների, այնպես էլ մարզիչների ու մրցավարների համար։
Համալիրում ամբողջությամբ ապահովված են բոլոր աշխատանքային և տեխնիկական տարածքները, որոնք անհրաժեշտ են նրա լիարժեք գործարկման համար։ Տեղադրված են ջեռուցման, հովացման և հրդեհաշիջման ժամանակակից համակարգեր։ Մուտքի հատվածում կա սրճարան և փոքր խանութ։ Սպորտային համալիրը հագեցած է անհրաժեշտ գույքով՝ լողի, ջրագնդակի և ծանրամարտի մարզումների ու մրցումների համար։
Շինարարության շրջանակում բարեկարգվել է համալիրի շրջակայքը՝ ներառյալ ավտոկայանատեղի՝ 100 մարդատար ավտոմեքենայի և երեք ավտոբուսի համար։
Նախագիծն ամբողջությամբ մատչելի է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար։
Սպորտային համալիրի շինարարության համար ծախսվել է մոտ 27 միլիոն լարի՝ Ասիական զարգացման բանկի (ADB) վարկով և պետական համաֆինանսավորմամբ։
Նախագիծն իրականացվել է «Բարեկեցիկ քաղաքների ներդրումային ծրագրի» շրջանակում, որը նախատեսում է չորս սպորտային համալիրների կառուցում։ Ներկայում արդեն գործում են Ռուսթավիի, Քութաիսիի և Զուգդիդիի համալիրները։ Շուտով կավարտվի նաև Ախալցխայի համալիրի շինարարությունը», – նշված է նախարարության հաղորդագրությունում։