Զինվորականները մասնակցել են Աթենքի մերձակայքում անտառային հրդեհների մարմանը
Զինվորականները մասնակցել են Աթենքի մերձակայքում անտառային հրդեհների մարմանը

Հունաստանի իշխանությունների որոշմամբ զինվորականները ներգրավվել են Աթենքի մերձակայքում անտառային հրդեհների մարմանը։ Ինչպես գրում է բրիտանական «Guardian»-ը, Հունաստանի հրշեջ ծառայությունը հաստատել է, որ Հունաստանի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Պենտել գյուղում բռնկված հրդեհի մարմանը մասնակցում է 88 զինվոր։

«BBC»-ի փոխանցմամբ՝ հրդեհը տարածվել է Նեա Պենտել քաղաքի դպրոցի շենքի վրա։ Տեղական իշխանությունը նշում է, որ հրդեհը մարելու համար մոբիլիզացված հրշեջների ու տեխնիկայի թիվը բավարար չէ աղետի դեմ պայքարելու համար։

Հրդեհը մոլեգնում է նաև Աթենքի շրջակայքում գտնվող մի քանի այլ բնակավայրերում։ Արդյունքում այրվել են մի քանի տներ։ Հազարավոր քաղաքացիներ տարհանվել են։ Վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման գործընթացը շարունակվում է։

Ինչպես գրում է «Ասոշիեյթեդ պրես»-ը, Աթենքի մերձակա անտառում բռնկված հրդեհի պատճառով Հունաստանի մայրաքաղաքի մի քանի շրջաններում ընդհատվել է էլեկտրաէներգիան։

Հրդեհների պատճառով ստեղծված ծանր իրավիճակի պատճառով Հունաստանը պաշտոնապես օգնության խնդրանքով դիմել է Խորվաթիային և Իսպանիային։

Տեղեկության համար՝ Հունաստանում օգոստոսի 11-ին անտառային հրդեհ է բռնկվել։ Երաշտը, ուժեղ քամին և տեղանքը բարդացնում են բնական աղետների դեմ պայքարը։