«Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Նիկոլայ Տիշչենկոն հեռացվել է կուսակցությունից՝ Թաիլանդ մեկնելու պատճառով
«Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Նիկոլայ Տիշչենկոն հեռացվել է կուսակցությունից՝ Թաիլանդ մեկնելու պատճառով

Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Նիկոլայ Տիշչենկոն հեռացվել է կուսակցությունից՝ Թաիլանդ մեկնելու պատճառով։

Ինչպես հայտնել են Թաիլանդում Ուկրաինայի դեսպանատան մամուլի ծառայությունում, հունվարի 27-ին Բանգկոկում նախատեսված է Տիշչենկոյի հանդիպումը ուկրաինական սփյուռքի հետ։

«Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան արձագանքել է Նիկոլայ Տիշչենկոյի այցին Թաիլանդ եւ կուսակցության նախագահ Օլենա Շուլյակին կոչ արել հեռացնել նրան կուսակցությունից։

«Ես տեսնում եմ, որ ոչ բոլորն են հասկանում, թե պատերազմի ժամանակ ինչ պետք է անեն ժողովրդական պատգամավորները։ Դրա համար մենք պատրաստում ենք մի շարք կադրային որոշումներ. 1. Նիկոլայ Տիշչենկոյի ազատում «Ժողովրդի ծառա» խմբակցության փոխնախագահի պաշտոնից 2. Հրատապ ժողով ենք հրավիրում նրան մեր խմբակցությունից հեռացնելու համար 3. Դիմում եմ «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Օլենա Շուլյակին՝ նրան հեռացնելու պահանջով։ Վստահ եմ, որ ոչ ոք բացատրության կարիք չունի, թե ինչու: Հուսով եմ, որ սրանից հետո վերջապես բոլորը կհասկանան, թե ինչպիսին է պատերազմի մասնակից երկրի պատգամավորի աշխատանքը»,- գրել է Արախամիան «Telegram» ալիքում։

Ավելի ուշ, կուսակցության ներկայացուցիչ Յուլիա Պալիչուկը հայտարարեց, որ Նիկոլայ Տիշչենկոն հեռացվել է «Ժողովրդի ծառա» կուսակցությունից։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Նիկոլա Տիշչենկոյի որդու կնքահայրն է։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշմամբ և նախագահ Զելենսկու հրամանագրով, Ուկրաինայի պետական ​​ծառայողներին, այդ թվում՝ պատգամավորներին, արգելվել է լքել երկիրը պատերազմական դրության ժամանակ, բացառություն են կազմում միայն գործուղումները։