Ժողովրդական պաշտպանը հայտարարություն է տարածել Բոլնիսի մունիցիպալիտետում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ
Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հայտարարություն է տարածել Բոլնիսիի մունիցիպալիտետի Նախիդուրի գյուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ մատնանշում է հասարակության այնպիսի կարևոր մարտահրավերներ, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, իրավահավասարությունը և ճանապարհային անվտանգությունը։
«Խոր վիշտ ենք հայտնում Նախիդուրիում երեկ տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի համար, որի հետևանքով երկու անչափահաս է մահացել։ Ցավակցում ենք մահացածների ընտանիքներին և մտերիմներին այս ծանր պահին։ Այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ մատնանշում է մեր հասարակության այնպիսի կարևոր մարտահրավերներ, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, իրավահավասարությունը և ճանապարհային անվտանգությունը: Բոլոր երեխաներն ունեն ապահով միջավայրում ապրելու հիմնարար իրավունք, ներառյալ անվտանգ ճանապարհներ և հասարակական վայրեր մուտք գործելը: Մենք կոչ ենք անում համապատասխան մարմիններին առաջնահերթություն տալ ճանապարհային անվտանգության միջոցների ներդրմանը և կիրառմանը, ներառյալ համապատասխան ճանապարհային նշանները, արագության սահմանափակումները և հանրային իրազեկման արշավները՝ կանխելու նմանատիպ ողբերգությունները: Լրատվամիջոցների համար կարևոր է ներկա ողբերգությունը լուսաբանելիս չափազանց զգույշ լինել, չճշտված տեղեկատվություն և ատելության խոսք չտարածել։ Ժողովրդական պաշտպանը կշարունակի ակտիվորեն հետևել միջադեպին»,- ասված է հաղորդագրությունում։
Մառնեուլի-Բոլնիսի ճանապարհին երեկ տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով երկու դեռահաս է զոհվել։ Դեպքին տեղում տեղի է ունեցել բանավոր և ֆիզիկական բախում։
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդը ձերբակալվել է, հետաքննությունը շարունակվում է։ Բացի այդ, ՆԳՆ-ն լրացուցիչ տեղեկություն է տարածել Նախիդուրի գյուղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որում նշվում է, որ առերեսման ժամանակ տուժել են ՆԳՆ մի քանի աշխատակիցներ, վիրավորվել է ութ քաղաքացի։