Ժամանակավոր քննիչ հանձնաժողովին չներկայանալու համար Զուրաբ Ջափարիձեին որպես խափանման միջոց սահմանվել է 20,000 լարիի գրավ
Թբիլիսիի քաղաքային դատարանը 20,000 լարիի գրավ է նշանակել «Փոփոխության համար» կոալիցիայի առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեին՝ ժամանակավոր քննիչ հանձնաժողովին չներկայանալու համար՝ որպես խափանման միջոց։
Այս որոշումը կայացրել է դատավոր Նանա Շամաթավան՝ բավարարելով դատախազության միջնորդությունը։
Դատախազի պարզաբանմամբ՝ Ջափարիձեն չի կատարել օրենքով նախատեսված պահանջը, որը վերաբերում է քննիչ հանձնաժողովին չներկայանալուն։
Դատական նիստի ընթացքում Զուրաբ Ջափարիձեի փաստաբան Իրակլի Չոմախաշվիլին միջնորդել է դատավորին հետ կանչելու մասին։ Նրա խոսքով՝ դատավոր Նանա Շամաթավան ընդգրկված է պատժամիջոցների ցուցակում, իսկ այդ ցուցակի կազմման գործում Ջափարիձեն ակտիվ համագործակցել է արևմտյան գործընկերների հետ, ինչը, փաստաբանի խոսքով, կասկածի տակ է դնում դատավորի անկողմնակալությունը։
Դատախազությունը չհամաձայնեց պաշտպանի դիրքորոշման հետ։ Դատավոր Նանա Շամաթավան մերժեց միջնորդությունը՝ հայտարարելով, որ այն անհիմն էր։
Դատախազության խոսքով՝ Ջափարիձեի կողմից առկա է նոր հանցագործություն կատարելու կամ թաքնվելու վտանգ։ Իսկ պաշտպանական կողմի՝ Իրակլի Չոմախաշվիլիի պնդմամբ՝ նման վտանգ գոյություն չունի։
Զուրաբ Ջափարիձեն հայտարարել է, որ չի ճանաչում հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները և չի պատրաստվում ներկայանալ ոչ մի հանձնաժողովի՝ ոչ լեգիտիմ խորհրդարանում։ Նրա խոսքով՝ ինքը նաև չի պատրաստվում վճարել գրավի գումարը։
Քննիչ հանձնաժողովին չներկայանալու համար դատախազությունը Ջափարիձեին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով, որը սահմանում է «Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի պահանջի չկատարում» և պատժվում է տուգանքով կամ մինչև մեկ տարվա ազատազրկմամբ, ինչպես նաև մինչև երեք տարով պաշտոն զբաղեցնելու կամ գործունեություն իրականացնելու իրավունքից զրկմամբ։