Վրաստանում, ապրիլ-մայիս ամիսներին զբոսաշրջիկների այցելությունների թիվն ավելացել է 222,8% -ով
Արդեն վերականգնվել է նախահամաճարակային օդային հաճախականությունների 57%-ը: Աճում է դեպի Վրաստան չվերթներ իրականացնող ավիաընկերությունների թիվը: Ըստ այդմ, օդային ճանապարհով ժամանող զբոսաշրջիկների թիվն ավելանում է, – այս մասին հայտարարեթ է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության ազգային վարչության ղեկավարի պաշտոնակատար Մեդեա Ջանիաշվիլին:
Նրա խոսքով, հունիսի 1-ից զբոսաշրջիկները կարող են Վրաստան մուտք գործել ցամաքային ճանապարհով՝ ինչպես պատվաստումների ամբողջական կուրսը հաստատող փաստաթղթով, այնպես էլ՝ «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանով:
«Մեր սպասելիքները մեծ են: Ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու համար մենք շուկայավարման գործունեություն ենք իրականացնում ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներում: Արշավի շրջանակներում մենք կենտրոնանում ենք կովիդի պայմաններում ամենապահանջված զբոսաշրջային ապրանքների վրա, դրանք էկո, ագրո, արկածային և այլ ուղղություններ են: Մենք առաջարկում ենք անվտանգ ճանապարհորդական ապրանքներ, որոնց համար առանձնակի պահանջարկ կա այսօր ամբողջ աշխարհում: Անվտանգ զբոսաշրջային արտադրանքին միտված արշավը, մեղմացված կանոնակարգերը, բաց ցամաքային սահմանը և չվերթների քանակի ավելացումը համալիր կերպով նպաստում է հնարավորինս շուտ Վրաստանում ավելի շատ միջազգային ճանապարհորդների այցելությանը», – ասաց Մեդեա Ջանիաշվիլին:
Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով, ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Վրաստան միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 172 333, ինչը 222,8% -ով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Միջազգային ճանապարհորդների այցելությունների թիվը 2020 թվականի համեմատ աճել է 161.9% -ով: