Եվրոպայի օդանավակայաններում առնվազն յոթ ինքնաթիռ ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել ռումբի մասին սպառնալիքներից հետո
Ռոյթերսը հաղորդում է, որ առնվազն յոթ ինքնաթիռ արտակարգ վայրէջք է կատարել եվրոպական օդանավակայաններում՝ ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրություններից հետո։
Լեհական ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանում։ Դուբլինից Հռոմ թռչող ինքնաթիռը ուղղություն է վերցրել դեպի Ֆրանսիայում գտնվող Նորմանդիայի ավիաբազա։ Հելսինկիից Հռոմ թռչող ֆիննական ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Իտալիայի մայրաքաղաքում՝ իտալական ռազմաօդային ուժերի ուղեկցությամբ։ Բուլղարիայի իշխանությունները հայտնում են, որ երեք ինքնաթիռ արտակարգ վայրէջք է կատարել ռումբի սպառնալիքի պատճառով։ Երկուսը վայրէջք են կատարել Սոֆիայում, իսկ մեկը՝ Պլովդիվում։ Ինքնաթիռները թռչում էին Կոպենհագենից, Մադրիդից և Լոնդոնից։
Սա շաբաթվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ ինքնաթիռները ստիպված են արտակարգ վայրէջք կատարել ինքնաթիռում ռումբի սպառնալիքի պատճառով, ինչը խափանումներ է առաջացրել ավիաերթևեկության մեջ։