Եվրոպական հանձնաժողովի խոսնակ. Մեղադրանքները, որ ԵՄ-ն պատժում է Վրաստանին իր ավանդական ընտանեկան արժեքների համար, իրականությանը չեն համապատասխանում, ԵՄ-ն հարգում է Վրաստանի մշակույթն ու ինքնությունը
Մեղադրանքը, որ ԵՄ-ն պատժում է Վրաստանին իր ավանդական ընտանեկան արժեքների համար, իրականությանը չի համապատասխանում։ ԵՄ-ն հարգում է Վրաստանի մշակույթն ու ինքնությունը, հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Մարկուս Լամերտը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը։
«ԵՄ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, հարգում է Վրաստանի մշակույթն ու ինքնությունը։ Մարդու իրավունքների պաշտպանությունը, խթանումը և իրականացումը ԵՄ-Վրաստան համագործակցության հիմնարար սկզբունքներն են։ Այս արժեքները ԵՄ-ի և Վրաստանի կողմից կիսվող պարտավորություններ են։ Այս համատեքստում ԵՄ-ն աջակցում է ժողովրդավարական բարեփոխումներին և բոլորի համար հիմնարար մարդու իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ խտրականության դեմ պայքարի միջոցառումներին», – ասել է Լամերտը։