Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ մանրակրկիտ հետաքննություն կսկսի Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառների վերաբերյալ
Եվրոպական հանձնաժողովը մանրակրկիտ հետաքննություն կսկսի Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառների վերաբերյալ, X սոցիալական ցանցում գրել է եվրահանձնակատար Դեն Յորգենսենը։
Յորգենսենն ասել է, որ էլեկտրաէներգիայի անջատումները «Եվրոպայում վերջին գրեթե երկու տասնամյակների ընթացքում ամենավատն էին»։
«Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել Իսպանիային և Պորտուգալիային», – գրել է Յորգենսենը։
Հիշեցնենք, որ երեկ Իսպանիայում և Պորտուգալիայում միլիոնավոր մարդիկ մնացել էին առանց էլեկտրաէներգիայի։ Իսպանիայում և Պորտուգալիայում դադարեցվել է ինչպես տեղական, այնպես էլ միջքաղաքային գնացքների երթևեկությունը։ Օդային երթևեկությունը նույնպես դադարեցվել է։ Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով երկու երկրներում էլ անջատվել են լուսացույցերը, ինչը քաոս է առաջացրել ճանապարհներին։ Ներկայումս երկու երկրներում էլ էլեկտրաէներգիայի մատակարարումը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է, չնայած տրանսպորտը դեռևս գործում է խափանումներով։